Միլիարդատեր Ջորջ Սորոսը 25 միլիարդ դոլար գնահատվող իր կայսրության նկատմամբ վերահսկողությունը փոխանցել է իր որդի Ալեքսին, որը խոստացել է ընտանիքի փողերն օգտագործել էլ ավելի ծայրահեղ ձախ  գաղափարների քարոզչության համար:

Սորոսի 37-ամյա ժառանգորդը The Wall Street Journal-ին հայտնել է, որ ավելի է ընդլայնելու  իր հոր քաղաքական նպատակները, բայց որդեգրելու է այլ սկզբունքներ, ինչպիսիք են քվեարկության ու հղիության վաղ ընդհատման իրավունքները, սեռային հավասարությունը:

«Ես ավելի հակված եմ քաղաքականությանը»,- իրեն համեմատելով  հոր հետ՝ ասել է Ալեքսը: Մեկ տարուց փոքր-ինչ ավելի ժամանակահատվածում նա արդեն 14 անգամ այցելել է Սպիտակ տուն եւ հանդիպել ազդեցիկ դեմոկրատների հետ:

Սորոսի «Բաց հասարակության» ոչ առեւտրային հիմնադրամը տարեկան մոտ 1,5 միլիարդ դոլար է ուղղում խմբերին, «որոնք աջակցում են մարդու իրավունքներին ամբողջ աշխարհում եւ ֆինանսավորում են տարբեր համալսարաններ», փոխանցում է պարբերականը:

Դեկտեմբերին հիմնադրամի խորհուրդը Ալեքսին ընտրեց նախագահ:

Այժմ նա ղեկավարում է հիմնադրամի քաղաքական գործունեությունը եւ հանդիսանում է ընտանիքի միակ անդամը ներդրումային հանձնաժողովում, որը վերահսկում է Սորոսի հիմնադրամի կառավարումը, հսկում հիմնադրամին ֆինանսական ներարկումները:

The Wall Street Journal-ին պատմելով իր նպատակների մասին, Ալեքսը հայտարարել է, որ իրեն անհանգստացնում է հանրապետական ​​Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալու հնարավորությունը, ապա հավելել, որ իր ընտանիքը մեծ ներդրում կունենա 2024-ի նախագահական ընտրություններում դեմոկրատներին աջակցելու գործում։ 

Վերջերս Սորոսի անունը շոշափվել է այն սկանդալային պատմության մեջ, որը կապված է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրված մեղադրանքների հետ:

Թրամփը Սորոսին մեղադրում է Մանհեթենի շրջանային  դատախազ Էլվին Բրեգին ֆինանսավորելու մեջ եւ ենթադրում, որ նա է մեղավոր այն գործի հարուցման համար, որով ինքը մեղադրվում է մեծահասակների ֆիլմերի աստղ Սթորմի Դենիելսին լռության դիմաց 130 հազար դոլար վճարելու համար: