Շոտլանդիայի նախկին առաջին նախարար Նիկոլա Սթերջենը, որը տարիներ շարունակ գերիշխում էր Շոտլանդիայի քաղաքական կյանքում, ձերբակալվել է անկախության համար պայքարող Շոտլանդիայի ազգային կուսակցության ֆինանսական գործերի հետաքննության շրջանակում, հայտնում է The Associated Press-ը:
Շոտլանդիայի ոստիկանությունը հայտնել է, որ 52-ամյա Սթերջենը բերման է ենթարկվել «որպես կասկածյալ` կապված Շոտլանդիայի ազգային կուսակցության ֆինանսավորման շարունակվող քննության հետ»:
«Կինը կալանքի տակ է, նրան հարցաքննում են Շոտլանդիայի ոստիկանության քննիչները»,- հայտնել են ոստիկանությունից:
Ոստիկանությունը չի հայտնել ձերբակալվածի անունը, բայց բրիտանական ԶԼՄ-ները պարզել են, որ նա Սթերջենն է։
Շոտլանդիայի ոստիկանությունը հետաքննում է, թե ինչպես է ծախսվել 600 հազար ֆունտ սթերլինգը (745 հազար դոլար), որը հատկացվել էր Շոտլանդիայի անկախության քարոզարշավի համար:
Կուսակցության գանձապետ Քոլին Բիթին եւ նախկին գործադիր տնօրեն Պիտեր Մյուրելը հետաքննության ընթացքում մինչեւ այդ էին ձրբակալվել եւ հարցաքննվել: Նրանցից ոչ մեկին մեղադրանք չէր առաջադրվել:
Մյուրելը Սթերջենի ամուսինն է, ապրիլին նրա ձերբակալությունից հետո ոստիկանությունը խուզարկել էր Գլազգոյում գտնվող նրանց տունը:
Սթերջենը անակնկալ կերպով հրաժարական էր տվել փետրվարին, Շոտլանդիայի ազգային կուսակցություն եւ Շոտլանդիայի կիսաինքնավար կառավարությունը 8 տարի գլխավորելուց հետո: Նա հայտարարել էր, որ իր, իր կուսակցության եւ իր երկրի համար եկել է ճանապարհը մեկ ուրիշին զիջելու ժամանակը:





























