Թուրքական Akıncılar տեքստիլ ընկերությունը  համագործակցության համաձայնագիր է ստորագրել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գիտահետազոտական ​​ինստիտուտի հետ։

Ընկերության մամուլի ծառայությունը հայտնել է, որ կողմերի միջեւ ստորագրված արձանագրության համաձայն՝ Ադրբեջանում կստեղծվի համատեղ արտադրական ձեռնարկություն եւ լաբորատորիա։

Այսօրվա դրությամբ Akıncılar ընկերությունը Իզմիրում արտադրում է զրահաբաճկոններ, բալիստիկ սաղավարտներ, համազգեստներ եւ այլն, հաղորդում է Անատոլիական գործակալությունը։

Պաշտպանական նշանակության արտադրանքը, որը կարտադրվի Ադրբեջանում համատեղ ձեռնարկությունում, նախատեսվում է մատակարարել երրորդ երկրներ։

«Ադրբեջանում առաջին անգամ կարտադրվի փամփուշտակայուն պաշտպանական արտադրանք։ Ինովացիոն կենտրոնում Akıncılar-ի ինժեներները եւ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գիտահետազոտական ​​ինստիտուտը համատեղ կզարգացնեն արտադրությունը»,- ասել է վարչության ղեկավար Ահմեթ Ջան Ուզունթեփեն։