Հուլիսի 13-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կստորագվի Nabucco գազամուղի շինարարության վերաբերյալ միջկառավարական համաձայնագիր։ Փաստաթղթի տակ կստորագրեն Թուրքիան, Ավստրիան, Բուլղարիան, Հունգարիան և Ռումինիան, այսինքն այն երկրները, որոնք ֆինանսավորելու են խողովակաշարի շինարարությունը։

Վրացական ԶԼՄ-ների հաղորդման համաձայն, ստորագրման արարողությանը ներկա կլինի նաև Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին, սակայն նա անձամբ չի ստորագրի փաստաթուղթը, քանի որ այն ձևավորում են այն երկրները, որոնք ֆինանսավորելու են խողովակաշարի շինարարությունը։ Վրաստանն էլ հանդիսանում է տարանցիկ պետություն և արդեն համապատասխան համաձայնագիր է ստորագրել Բուդապեշտում։

Հիշեցնենք, որ Nabucco ծրագիրը նախատեսում է գազի փոխադրումը Եվրոպայի երկրներ՝ շրջանցելով Ռուսաստանը, այնպիսի երկրների տարածքով, ինչպիսիք են, մասնավորապես, Վրաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան։ Nabucco-ի համար էներգակիրների պոտենցիալ աղբյուրների թվում են Թուրքմենիան, Ուզբեկստանը, Իրանն ու Ւրաքը։

Այդ ծրագրում Իրանի մասնակցության դեմ ակտիվորեն հանդես է գալիս ԱՄՆ-ը։ Հենց այդ պատճառով էլ գլխավոր խնդիրներից մեկը մնում է գազամուղը լցնելու հարցը։ Ենթադրվում է, որ դրա շինարարությունը պետք է սկսվի 2011 թվականին։

Որոշ տվյալների համաձայն, համաձայնագրի երկարատև մշակման պատճառներից մեկը Անկարայի հետ փոխզիջում գտնելն էր, որը դրել է կոշտ պայման. Nabucco-ով գնացող գազի 15%-ը պետք է մնա Թուրքիայում ներքին սպառման կամ վերաարտահանման նպատակով։

3,3 հազար կմ երկարությամբ գազային մայրուղու նախագծային հզորությունը տարեկան 30 մլրդ. խոր. մետր է։ Նշենք նաև, որ Nabucco ծրագիրը գնահատվում է 7,9 մլրդ. դոլար։