44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած Հին Թաղերի գործով մեղադրյալներ Վլադիմիր Ղուկասյանը եւ Ջիվան Մկրտչյանը առաջադրված մեղադրանքը չեն ընդունում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրանց փաստաբան Հրանտ Վարդանյանը:

Ըստ Դատախազության՝ նրանց անփութության հետեւանքով է հակառակորդը տիրացել դիրքերի տեղակայման քարտեզին եւ շրջափակել դիրքը, ինչից հետո 9 զինծառայող զոհվել է, 2-ը՝ գերեվարվել:

«Ինչի՞ թշնամին մինչեւ այդ հայկական դիրքերի մասին չգիտե՞ր. ինչո՞ւ են լռում իրավապահները այդ մասով: Հայկական կողմը քողարկված ծառայություն էր իրականացնո՞ւմ, եւ հակառակորդը չէր տեսնում հայկական կողմին: Որտեղ ունես զինվոր, եռակողմ հայտարարության համաձայն, քո դիրքն է համարվում»,- նշեց Հրանտ Վարդանյանը:

Փաստաբանի խոսքով՝ նրանց հանձնարարվել է բացահայտ ծառայություն իրականացնել եւ արհեստական շարժ ստեղծել, որ թշնամին տեսնի հայկական կողմի ակտիվությունը. «Թշնամին տեսնում էր, որ այնտեղ հայ զինվոր կա, հայկական դիրքեր կան: Այսինքն՝ պետք է քարտեզն իրենց ձեռքում հայտնվեր, որ նոր տեսնեին՝ այնտեղ մարդ կա՞: Եթե 90-ականների պատերազմը լիներ, գուցեեւ իրավապահների մոտեցումներն ընդունելի լինեին»:

Վարդանյանն ասաց՝ գործով հաստատված փաստական հանգամանք է այն, որ դեպքից 10 օր առաջ թշնամու հետախուզական անօդաչու թռչող սարքեր են թռչել հայկական դիրքերի վրայով. «Իսկ քննություն պարզե՞լ է, թե ինչու էին այդ սարքերը հայկական դիրքերի վրայով թռչում: Աբսուրդ է, մտածել, թե քարտեզով կարողացան դիրքերը գրավել»:

Փաստաբանը շեշտեց, որ քարտեզը չի եղել գաղտնի. «Ասվում է, թե քարտեզը եղել է գաղտնի, բայց հայտնի չէ, թե այդ քարտեզն ում կողմից է գաղտնագրում անցել, դրա պահպանման ժամկետը քանի տարի է եղել, անհայտ է, այսինքն՝ եղել է սովորական քարտեզ, որի վրա գրիչով գծված է եղել հայկական դիրքերը. այսինքն՝ եթե այդ քարտեզի վրա գրիչով չգծվեր, ապա դա իրենից որեւէ կարեւորություն չէր ներկայացնի»:

Նշենք, որ երկրորդ դրվագի համաձայն՝ պաշտպանությունը կազմակերպելու պատասխանատու, փոխգնդապետ Ջիվան Մկրտչյանը հրամանատարությանը պատշաճ չի զեկուցել ադրբեջանական հարձակման մասին ու սխալ է կառավարել անձնակազմը, ինչից հետո էլ գրավել են դիրքերը:

Փաստաբանի խոսքով՝ Ջիվան Մկրտչյանը կատարել է վերադասի հրամանը. «Եթե հրաման տար շրջափակված դիրքի անձնակազմին՝ լքել դիրքերը, ապա դա կլիներ ակնհայտ անօրինական հրաման, քանի որ վերադաս հրամանատարության հրամանը եղել է շրջանաձեւ պաշտպանությունը: Անտեսանելիության պայմաններում երբ զորքը չգիտեր՝ որ կողմ գնա, ու շրջափակման մեջ է եղել, ինչո՞ւ հրաման չես տվել, որ 16 հոգանոց անձնակազմը դիրքից դուրս գա: Բայց ցանկացած հարձակման ժամանակ թույլ չեն տալիս դիրքից դուրս գալ, որովհետեւ ավելի անվտանգ է դիրքի շրջանաձեւ պաշտպանությունը: Չեն ունեցել տեսանելիություն եւ եղել է մութ պայմաններ: Հայկական զորքը զինված չի եղել տեսանելիության սարքերով:

Շրջափակման մեջ հայտնված տղաները հաջորդ օրը դուրս են եկել դիրքերից այն պայմաններում, երբ իմացել են, որ գտնվում են թշնամու անմիջական նշանառության տակ: Եվ նրանք այդ պայմաններում դուրս են եկել դիրքից, որի հրամանը չի տվել Ջիվան Մկրտչյանը: Այժմ

Ջիվան Մկրտչյանը պատասխան է տալիս իր՝ չտված հրամանի համար»:

Նշենք, որ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել է Սյունիքի մարզի դատարան: Փաստաբանը հայտնեց, որ պատրաստվում են միջնորդել դատարանին՝ գործն ուղարկել Երեւան:

Մայորի եւ փոխգնդապետի անփութության հետեւանքով «Հին Թաղերում» հակառակորդը տիրացել է մարտական դիրքերի տեղակայման քարտեզին