Լիտվայի Հանրապետության Ներքին գործերի նախարար Ագնե Բիլոթաիտեի հրավերով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվայի Հանրապետությունում է։ Այս մասին տեղեկացնում են ՆԳ նախարարությունից:
Հունիսի 12-ին Լիտվայի հանրապետության ՆԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների ՆԳ նախարարությունների համագործակցության հնարավոր ուղղությունները, անդրադարձ եղավ նաեւ Լիտվայի ներքին գործերի համակարգի կառուցվածքին եւ բարեփոխումներին։
Ագնե Բիլոթաիտեն բարձր գնահատեց երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ կարեւորելով այս տարվա մայիսին մեկնարկած Եվրոպական Միության Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Լիտվայի եւ Լատվիայի Հանրապետությունների կողմից իրականացվող՝ «Աջակցություն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին եւ անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը։
Ծրագրի հիմնական նպատակն է՝ աջակցել ՀՀ Ներքին Գործերի նախարարության կազմավորմանը եւ ենթակա երեք մարմիններում ընթացող լայնածավալ բարեփոխումներին։
ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը շնորհակալություն հայտնեց հրավերի եւ ջերմ ընդունելության համար բարձր գնահատելով միջազգային գործընկերների ջանքերը՝ ի դեմս Եվրոպական միության եւ, մասնավորապես, Լիտվայի Հանրապետության։
Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակելու եւ ամրապնդելու երկկողմ արդյունավետ համագործակցությունը։




























