Ձիթաբույսերի համաշխարհային շուկայում սեպտեմբերի կարեւորագույն գործոնը եղավ Ուկրաինայում, Ռուսաստանում եւ Ռումինիայում գրանցված արեւածաղկի առատ բերքը:
Իրավիճակը շուկայում կարող է ստեղծել բավական դինամիկ գնային սցենարներ: Այդուամենայնիվ, բուսական յուղի հայաստանյան ներմուծողները հրաժարվեցին մեկնաբանել իրավիճակի հնարավոր ազդեցությունը հայկական շուկայի գների վրա:
NEWS.am-ի հետ զրույցում գերմանական Oil World վերլուծական գործակալության գործադիր տնօրեն Թոմաս Մելկեն նկատեց, որ արեւածաղկի բերքն այս տարի Ռուսաստանում կանխատեսվում է 9 միլիոն տոննա` անցած տարվա 5,7 միլիոնի փոխարեն: Ուկրաինայում Oil World-ը կանխատեսում է 8,7 միլիոն տոննա` անցած տարվա 8,0 միլիոնի փոխարեն: Համաշխարհային բերքի սպասումները 37,5 միլիոն տոննա է: Անցած տարի համաշխարհային բերքը 33,3 միլիոն տոննա էր:
Սեւծովյան տարածաշրջանում հիմնական արտահանող է մնում համաշխարհային առաջատար Ուկրաինան: Ուկրաինական AAA խորհրդատվական գործակալության վերլուծական բաժնի ղեկավար Մարիա Կոլեսնիկը NEWS.am-ին տված մեկնաբանությունում նշեց, որ Ուկրաինան մնում է Հարավային Կովկասի գլխավոր մատակարարը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, կենդանական եւ բուսական յուղ Հայաստանը ներմուծում է, հիմնականում, Ուկրաինայից (2010-ին` $17,5 միլիոնի, կամ ներմուծման գումարի 35,6%) եւ Ռուսաստանից ($15,5 միլիոն, կամ 31,5%):
Մարիա Կոլեսնիկը նկատեց, որ Ռուսաստանը եւս ներմուծում է ուկրաինական արեւածաղկի ձեթ:
«Բարձր որակի եւ գնի հարաբերակցության շնորհիվ հայաստանյան ներմուծողները նախընտրում են ուկրաինական ձեթը», - կարծում է փորձագետը:
Ուկրաինան առաջին տեղն է զբաղեցնում համաշխարհային արտահանման մեջ: 2010-11 մարկետինգային տարվա (2010թ. հոկտեմբեր – 2011թ. սեպտեմբեր) արդյունքում, ուկրաինական արեւածաղկի արտահանումը գնահատվում է 2,8 միլիոն տոննա, ինչը կազմում է համաշխարհային արտահանման 63,6%-ը: Ռուսաստանի արտահանումը գնահատվում է 0,1 միլիոն տոննա, սակայն նոր մարկետինգային տարում այն կարող է հասնել մինչեւ 0,9 միլիոն տոննայի: Ռուսաստանցի փորձագետները կանխատեսում են, նույնիսկ, 1 միլիոն տոննայի գերազանցում:
Ռուսական արտահանման աճը կարող է մեծացնել մրցակցությունը մեր տարածաշրջանում եւ նվազեցնել արեւածաղկի ձեթի գինը: Թեեւ ուկրաինական արտահանումը եւս կանխատեսվում է բարձր մակարդակի վրա` մոտ 3 միլիոն տոննա:
Ուկրաինական արտահանման համար որոշակի դժվարություն կարող է ստեղծել արեւածաղկի ձեթի եւ ձիթաբույսերի համար նախատեսվող արտահանման մաքսատուրքը: Համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել Ուկրաինայի տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարարությունը: Մարիա Կոլեսնիկը նշեց, որ մաքսատուրքի հաստատումը հավանական է, քանի որ կապված է երկրի բյուջեի դեֆիցիտի հետ:
«Արտադրողները դեմ են: Այժմ ընթանում են բանակցություններ: Բյուջեի նախագիծն առայժմ չի ընդունվել», – նկատեց Կոլեսնիկը:
Այդուամենայնիվ, աճող առաջարկը կարող է նվազեցնել գինը, իսկ որոշակի նվազում նկատվում է արդեն հիմա: «ՍովԷկոն» վերլուծական կենտրոնի գնային ինդեքսի համաձայն, եթե 2011թ. հունվարին Ռուսաստանում շշալցված արեւածաղկի ձեթի մեկ տոննայի միջին գինը 47 հազար ռուբլի էր, ապա այժմ նվազել է մինչեւ 35,5 հազար (մոտ $1 114):
Հայաստանյան ներմուծողների մեկնաբանությունների բացակայության պայմաններում, մնում է միայն ենթադրել, որ համաշխարհային կոնյունկտուրան քիչ կազդի հայաստանյան գների վրա:
Արամ Գարեգինյան




























