Պերուում անօթևան տղամարդը բարձրացել է այրվող գործարանի տանիք և փրկել վտանգի մեջ հայտնված 25 շներին, գրում է Daily Mail-ը։

Ինչպես պատմել է 27-ամյա Սեբաստիան Արիասը, նա վերադառնալիս է եղել կամրջի տակ իր բնակավայր, երբ տանիքում տեսել է այրվող շենք և կենդանիներ։ Առանց երկար մտածելու՝ տղամարդը շտապել է օգնել շներին, մինչ փրկարարները ավտոմեքենայով դեպքի վայր են ժամանել։ 

Տղամարդը շներին տանիքից նետել է կտորի վրա, որոնք ներքեւում փռել էին ոչ անտարբեր մարդիկ։ Սեբաստիանը հիշում է, որ քիչ էր մնում ինքն էլ հրդեհի զոհ դառնար։ 

«Վերջին շունը վախեցավ ինձնից, քանի որ այդ պահին պատը փլվեց վրաս։ Ես բռնեցի նրա պարանոցից և ցած գցեցի», - ասաց տղամարդը:

Այն բանից հետո, երբ հանրությունն իմացավ Սեբաստիանի արարքի մասին, նա հույս ունի, որ ինչ-որ մեկն իրեն աշխատանք կառաջարկի։

«Ես կցանկանայի դուրս գալ փողոցից: Ցանկացած աշխատանք կարող եմ անել, արագ սովորող եմ»,- հավելել է նա։