Նյու Յորքի կենտրոնում գտնվող հայտնի Ուոլ Սթրիթում, որը խոշոր կորպորացիաների խորհրդանիշն է դարձել, չեն դադարում բողոքի ակցիաները, որոնց մասնակիցները պահանջում են հարուստներին հարկել իսկապես բարձր հարկերով:

Ցուցարարների ձեռքին եղել են պաստառներ հետեւյալ գրառումներով. «Հարկեք հարուստներին», «Մենք ուզում ենք, որ իշխանությունները փողը ծախսեն առողջապահության, այլ ոչ թե կորկորացիաների բարեկեցության համար»:
Թեեւ ոստիկանների հետ բախումներ չեն եղել, սակայն հոկտեմբերի 2-ին ձերբակալվել է շուրջ 700 ցուցարար: Նրանց մեղադրել են, որ անցել են երթեւեկելի հատված մի քանի ժամ խաթարել երթեւեկությունը: Գրեթե բոլոր ձերբակալվածներին ազատ են արձակել, հետեւաբար, հաջորդ օրը նրանք կրկին հնարավորություն են ունեցել մասնակցել բողոքի ակցիաներին, գրում է «Իզվեստին»:

«Գրավիր Ուոլ Սթրիթը» (OccupyWallStreet) շարժման անդամները, որոնց աջակցում են ոչ միայն ուսանողները, այելւ հայտնի մարդիկ, ինչպիսիք են սկանդալային ռեժիսոր Մայքլ Մուրը, դերասանուհի Սյուզան Սարանդոնը, խոստանում են էլ ավելի ակտիվորեն պայքարել Կորպորատիվ Ամերիկայի դեմ:

Այսօր հայտնի է դարձել, որ ակցիային իր աջակցությունն է հայտնել նաեւ հայտնի միլիարդատեր եւ ներդրող Ջորջ Սորոսը: Նա հայտարարել է, որ հասկանում է հարկատուների վրդովմունքը, ում փողերը գնում են ճգնաժամից տուժած բանկերին, հաղորդում է BBC-ն:

Հաղորդվում է, որ բողոքի ակցիան տարածվում է նաեւ հարեւան քաղաքներում: Լոս Անջելեսի բնակիչները ճամբար են խփել քաղաքային վարչակազմի շենքի դիմաց: Վարվող սոցիալական քաղաքականության դեմ ցույցեր են տեղի ունեցել Չիկագոյում եւ Բոսթոնում: Նմանատիպ ակցիաներ են նախատեսված Դեթրոյթում, Փորթլանդում, Մինեապոլիսում եւ Բալթիմորում:

Ցույցերը տեղափոխվել են նաեւ Անգլիա, որտեղ նման առաջին ցույցը տեղի է ունեցել Մանչեսթերում: