Հայաստանի ֆիանանսական դաշտում ստեղծվել են բարենպաստ պայմաններ՝ լիբանանյան ներդրումների համար: Այս մասին այսօր` հոկտեմբերի 4-ին, Երեւանում, հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիի հետ հանդիպման ժամանակ:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տ. Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Նաբիհ Բերրիի Հայաստան կատարած այցը նոր թափ կհաղորդի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը՝ տարբեր ուղղություններով: Վարչապետը նշել է, որ երկկողմ տնտեսական հարաբերությունները, մասնավորապես ապրանքաշրջանառության ծավալները, չեն համապատասխանում հայ-լիբանանյան բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների մակարդակին:
«Անհրաժեշտ է առաջընթաց ապահովել նաեւ հայ-լիբանանյան հարաբերությունների տնտեսական ոլորտում: Հայաստանի ֆիանանսական դաշտում ստեղծվել են բարենպաստ պայմաններ՝ լիբանանյան ներդրումների համար: Ցավում ենք, որ Լիբանանի վարչապետի նախորդ ծրագրված այցելությունը Հայաստան չկայացավ, ուստի վերահաստատում ենք նրա՝ մեր երկիր այցելության հրավերը»,- ասել է նա:
Կառավարության ղեկավարն ասել է, որ այդ այցի շրջանակում կկազմակերպվի բիզնես ֆորում, որին կմասնակցեն երկկողմ գործարարներ, որն էլ կնպաստի հայ-լիբանայան համատեղ տնտեսական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:
Կողմերը տնտեսական համագործակցության հեռանկարային ուղղություններ են համարել թեթեւ արդյունաբերության, դեղագործության, ոսկեգործության, զբոսաշրջության բնագավառները եւ կարեւորել պետական ու մասնավոր հատվածի համապատասխան կազմակերպությունների միջեւ համագործակցության ընդլայնումն ու խորացումը:
Երկուստեք կարեւորվել է նաեւ հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի նիստերի անցկացումը՝ առեւտրատնտեսական կապերի ակտիվացման եւ երկու բարեկամ երկրների հարաբերությունների խորացման ու ընդլայնման տեսակետից: Զրուցակիցները հույս են հայտնել, որ մոտ ապագայում կվերսկսվեն միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները
Իր հերթին, Նաբիհ Բերրին տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստան կայցելեն Լիբանանի նախագահը, վարչապետն ու արտգործնախարարը: Լիբանանի խորհրդարանի նախագահի խոսքով՝ տեղի հայ համայնքը մեծ ներդրում ունի իր երկրի զարգացման գործում եւ հանդիսանում է հուսալի ու ամուր կամուրջ՝ երկու բարեկամ երկրների եւ ժողովուրդների միջեւ:




























