ProCredit բանկը ցանկանում է հայաստանյան վարկային պորտֆելում գյուղատնտեսական վարկավորման բաժինը հասցնել մինչեւ 20 տոկոսի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ի, կայացած ասուլիսում հայտնեց ProCredit հոլդինգի խորհրդի նախագահ Քրիստոֆ Ֆրայթագը։ Ըստ նրա՝ ProCredit-ը մեծ փորձ ունի ագրովարկավարման մեջ։ «ProCredit-ը ագրաֆինանսավորման լայն ծրագրեր է իրականացնում Սերբիայում, իսկ ԵՄ անդամ երկիր Բուլղարիայում բանկը գյուղատնտեսական ոլորտի վարկավորումով երկրորդ բանկն է»,- նշեց Ֆրայթագը՝ NEWS.am-ի հարցին պատասխանելով։ Ըստ նրա՝ հոլդինգի ղեկավարությունը մեծ կարեւորություն է տալիս հայաստանյան մասնաճյուղին եւ ցանկանում է, որ Հայաստանում ProCredit բանկը հասնի իր նպատակին՝ այն է դառնա փոքր եւ միջին բիզնեսի համար առաջին նախընտրելի բանկը։

Հայաստանի ProCredit բանկի նորանշանակ գործադիր տնօրեն Ասմուս Ռոտնեն նշեց, որ Հայաստանում գյուղատնտեսությունը զարգանալու մեծ ներուժ ունի, եւ բանկը նոր առաջարկներ է կատարելու։ «Մասնավորապես նախատեսում ենք նոր մասնաճյուղ բացել Հայաստանի գյուղատնտեսությունում մեծ դեր ունեցող Արմավիրի մարզում՝ Արմավիր քաղաքում։ Այդպիսով մարզային մասնաճյուղերի թիվը կհասցվի 4-ի, քանի որ արդեն մասնաճյուղեր կան Գյումրիում, Վանաձորում եւ Արտաշատում»,-ասաց Ռոտնեն։

Բանկի գործադիր տնօրենի տեղակալ Աշոտ Աբրահամյանի խոսքով՝ այն կարծիքը, որ գյուղատնտեսության ոլորտը ռիսկային է, այնքան էլ ճիշտ չէ։ Ներկայումս Հայաստանի ProCredit բանկի վարկային պորտֆելում ագրովարավորումը կազմում է 9 տոկոս։

«Տնտեսության մյուս ճյուղերի բանկի վարկավորած ծրագրեր վերադարձելիության հետ համեմատ գյուղատնտեսական վարկերի վերադերձելիությունը այնքան էլ վատ դիրքերում չէ։ Գյուղատնտեսությանը պետք է առանձին մոտեցում ցուցաբերվի եւ առաջարկվեն վարկային լավ մշակված ծրագրեր»,- նշեց Աբրահամյանը։

Տեղեկացնենք, որ Հայաստանում ներկայումս ProCredit բանկի ընդհանուր պորտֆելը կազմում է 58 մլն դոլար, որից 54,5-ը բիզնես վարկավորումն է։