Չինաստանը Թայվանի հարցում փոխզիջումների չի գնա, ԱՄՆ-ն պետք է հարգի ՉԺՀ-ի ինքնիշխանությունը, երկուշաբթի հայտարարել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ:
«Վան Ին շեշտը դրել է Թայվանի հարցի էության վերլուծության վրա՝ ընդգծելով, որ ազգային միասնության պահպանումը միշտ կլինի Չինաստանի կարեւորագույն շահերի կենտրոնում։ Այս հարցում Չինաստանի համար որեւէ փոխզիջման տեղ չկա»,-ասվում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության հաղորդագրության մեջ:
Վան Ին ընդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է իրապես հավատարիմ մնա «մեկ Չինաստանի» սկզբունքին, որը հաստատվել է ամերիկա-չինական երեք համատեղ կոմյունիկեներում, հարգի Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ հստակ հանդես գա Թայվանի անկախության դեմ։
Բլինքենը հունիսի 18-19-ը այցով գտնվում է Պեկինում, կիրակի նա բանակցություններ է վարել Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Հանի հետ: Սա վերջին հինգ տարվա ընթացքում ԱՄՆ պետքարտուղարի առաջին այցն է Չինաստան։





























