ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պեկինում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը։
Հանդիպումը սկսվել է տեղական ժամանակով ժամը 16:30-ին Ժողովրդական մեծ դահլիճում (Չինաստանի խորհրդարան):
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հուա Չունինը Twitter-ի իր էջում հայտնել է, որ Սի Ցզինպինը Բլինքենի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ իր այցը Պեկին դրական ներդրում կունենա Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների կայունացման գործում։
Չինաստանի նախագահը նաև ընդգծել է, որ Պեկինի և Վաշինգտոնի փոխգործակցությունը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի և անկեղծության վրա։
ԱՄՆ պետքարտուղարը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ այցելել է Չինաստան։ Հունիսի 18-ին Բլինքենը հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Ցին Գանգի հետ։





























