Եվրոպական խորհրդարանի Անվտանգության և պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի պատվիրակությունը հունիսի 19-ից 22-ը կժամանի Հայաստան։ Եվրոպական խորհրդարանի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի պատգամավորների այցի նպատակն է գնահատել Հայաստանում անվտանգության իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացքը, ինչպես նաև ծանոթանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի հայկական կողմի երկայնքով անվտանգության իրավիճակը դիտարկելու և զեկուցելու նպատակով փետրվարին տեղակայված Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (ՀԵՄԱ) գործունեությանը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակից:
Պատվիրակության այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ կառավարության և ՀՀ խորհրդարանի անդամների, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ։





























