Չորեքշաբթի Չինաստանն անհեթեթ է անվանել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները, որի ժամանակ նա չինացի գործընկեր Սի Ծինփինին անվանել է «բռնապետ»։
«Ամերիկյան կողմի համապատասխան դիտողությունները չափազանց անհեթեթ են եւ անպատասխանատու, եւ դրանք լրջորեն խախտում են հիմնական փաստերը, դիվանագիտական կանոնակարգը եւ Չինաստանի քաղաքական արժանապատվությունը», - հերթական ճեպազրույցում ասել է ԱԳՆ խոսնակ Մաո Նինը։ «Սա բացահայտ քաղաքական սադրանք է»։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի երեկոյան Կալիֆոռնիայում կայացած քաղաքական դրամահավաքի ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ծինփինին անվանել է «բռնապետ»՝ մեկ օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել էր, որ իր վերջին այցով «առաջընթաց» է գրանցել Վաշինգտոնի ու Պեկինի միջեւ հարաբերությունների վերականգնման գործում։
«Պատճառը, թե ինչու էր Սի Ծինփինը շատ վրդովվել, երբ ես խոցեցի լրտեսական սարքավորումներով լի երկու առեւտրային վագոններով այդ օդապարիկը, այն է, որ նա չգիտեր, որ այն այնտեղ է: Չէ, ես լուրջ եմ ասում: Դա ամենամեծ ամոթն է բռնապետերի համար, երբ նրանք չգիտեին, թե ինչ է տեղի ունեցել», - դրամահավաքի մասնակիցներին ասել է Բայդենը ՝ նկատի ունենալով չինական օդապարիկը, որն ԱՄՆ-ն խոցել էր այս տարվա սկզբին:





























