Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ВВС հեռուստաալիքի հարցազրույցում խոստովանել է, որ առաջընթացը մարտադաշտում «ավելի դանդաղ է, քան կցանկանայինք»։
«Ոմանք հավատում են, որ սա հոլիվուդյան ֆիլմ է, եւ ակնկալում են արդյունքներ արդեն հիմա։ Այդպես չէ։ Մարդկանց կյանքեր են դրված խաղաքարտին»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ռազմական հարձակումը հեշտ չի անցնում, որովհետեւ «200 000 քառակուսի կիլոմետր ուկրաինական տարածք ականապատված է ռուսական զորքերի կողմից»։
«Ով ինչ էլ որ ցանկանա, ներառյալ մեզ վրա ճնշում գործադրելը, ողջ հարգանքով հանդերձ, մենք մարտադաշտում առաջ ենք շարժվելու այնպես, ինչպես անհրաժեշտ կհամարենք»,- ասել է Զելենսկին։
Նա ընդգծել է Ուկրաինային ՆԱՏՕ-ի կողմից անվտանգության երաշխիքներ տալու անհրաժեշտությունը, բայց ասել է, որ վերջնարդյունքում նպատակը պաշտպանական դաշինքին անդամակցությունն է։
Ուկրաինայի նախագահը նորից խոսել է այն մասին, որ Ուկրաինան ստանա ամերիկյան արտադրության F-16 կործանիչներ, եւ ասել է, որ, իր կարծիքով, կործանիչների օդաչուները կարող են պատրաստությունն սկսել արդեն օգոստոսին, եւ որ առաջին ինքնաթիռները կարող են ստացվել վեց կամ յոթ ամիս հետո։





























