ԱՄՆ-ն շարունակում է մենթորական տարրերն իր արտաքին քաղաքականությունում, հայտարարել են Կրեմլում՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը, որը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին անվանել է դիկտատոր, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։

«Մի կողմից՝ իհարկե, դրանք ԱՄՆ արտաքին քաղաքականության բավական հակասական դրսեւորումներն են, որոնք վկայում են անկանխատեսելիության մեծ տարրի մասին։ Անկանխատեսելիության՝ մի կողմից, իսկ մյուս կողմից՝ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ մենթորական այնպիսի դրսեւորումների շարունակումն են, որոնք դարձել են արդեն անընդունելի մեծ թվով պետությունների համար»,- չորեքշաբթի լրագրողներին ասել է  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բայդենի բառերը։

Նա նշել է, որ նման պետությունների թիվն ավելանում է։

«Մենք տառացիորեն օրերս ձեզ հետ միասին տեսել ենք տեղեկությունն ԱՄՆ պետքարտուղարի շփումների մասին Պեկինում, այդքան տարբեր հաշտարար հայտարարությունների եւ այլնի մասին, եւ այստեղ նման անհասկանալի կոմպենսացում ահա այսպիսի գործողություններով պետության ղեկավարի կողմից։ Ի դեպ, դա նրանց գործն է»,- ասել է Պեսկովը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին անվանել է «դիկտատոր» Կալիֆոռնիայում երեքշաբթի երեկոյան, քաղաքական ժողովի ժամանակ, այն բանից մոտ մեկ օր հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ իր վերջերս կատարած ուղեւորությունը «առաջընթաց» է բերել Վաշինգտոնի եւ Պեկինի փլուզված հարաբերությունների վերականգնման գործում։

«Պատճառը, որից Սի Ծինփինը շատ է տխրել, երբ ես խփեցի այդ օդապարիկը երկու ապրանքավագոններով՝ լի լրտեսական սարքավորումներով, այն էր, որ նա չգիտեր, թե ինչ կար այնտեղ։ Չէ, ես լուրջ եմ ասում։ Ահա թե ինչն է մեծ խայտառակություն դիկտատորների համար, երբ նրանք չեն իմանում, թե ինչ է տեղի ունեցել»,- ասել է Բայդենը՝ նկատի ունենալով չինական օդապարիկը, որը ԱՄՆ-ն խփել էր այս տարի ավելի վաղ։

Չինաստանն ի պատասխան «անհեթեթ» է անվանել ԱՄՆ նախագահի արտահայտությունները՝ նրան մեղադրելով քաղաքական սադրանքի մեջ։