Միացյալ Նահանգներն Ուկրաինա կուղարկի եւս 1,3 մլրդ դոլարի օգնություն, որպեսզի օգնի հակամարտությունից տուժած երկրին վերակառուցել իր էներգետիկ ցանցն ու արդիականացնել նավահանգիստները, երկաթուղին եւ այլ ենթակառուցվածքը, չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, տեղեկացրել է Reuters-ը։

«Վերականգնումը Ուկրաինայի բարգավաճման հիմքն է որպես անվտանգ, անկախ երկիր, լիովին ինտեգրված Եվրոպային, միացած աշխարհի շուկաներին,- ասել է Բլինքենը Լոնդոնում Ուկրաինայի վերականգնման վերաբերյալ համաժողովում։- ԱՄՆ Կոնգրեսի աջակցությամբ մենք լրացուցիչ օգնություն կտրամադրենք ավելի քան 1,3 մլրդ դոլարի չափով, որպեսզի օգնենք Ուկրաինային հասնել այդ նպատակին»։

Բլինքենի խոսքով՝ այդ գումարից 520 մլն դոլարը կտրամադրվի Ուկրաինայի մաշված էներգահամակարգի նորոգմանը, 657 մլն դոլարը կօգտագործվի սահմանամերձ անցումների, նավահանգիստների, երկաթուղու եւ կրիտիկականորեն կարեւոր այլ ենթակառուցվածքի արդիականացմանը։

Մոտ 100 մլն դոլար  կօգտագործվի մաքսային եւ այլ համակարգերի թվայնացման համար, եւս 35 մլն դոլար՝ ուկրաինական բիզնեսի աջակցմանը ֆինանսավորման եւ ապահովագրման միջոցով։

Բլինքենի խոսքով՝ նոր օգնությունը գալիս է լրացնելու ավելի քան 20 մլրդ դոլարի տնտեսական եւ զարգացման օգնությունը, որը Միացյալ Նահանգները տրամադրել էր Ուկրաինային։