Երեւանի ավագանու ընտրություններին պետք է գնալ ոչ թե ընդդիմության, այլ հասարակության կողմից առաջադրվող միասնական թեկնածուով։ Այս մասին հունիսի 21-ին քննարկման ժամանակ ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ հակառակ դեպքում հաղթանակ կտանի իշխանությունը։

Նա նշել է, որ շրջափակման ֆոնին կոնկրետ ծրագրեր չեն առաջարկվում ոչ Արցախից, ոչ Հայաստանից, կոնկրետ գործողություններ եւս չեն նախաձեռնվում։

Հովհաննիսյանը ենթադրել է, որ կան ազդեցիկ մարդիկ, որոնք կարող են իրականացնել լուրջ փոփոխություններ, բայց նրանք դեռ պասիվություն են ցուցաբերում։

«Եթե նրանց կողմից քայլեր ձեռնարկվեն, ապա կարելի է հասնել իրավիճակի փոփոխության։ Կան շատ լավ գաղափարներ, որոնք, սակայն, հասցեատերերին չեն հասնում։ Մենք 100 տարի առաջ այս փուլն անցել ենք, երբ չկարողացանք կանխել ցեղասպանությունը, եւ 100 տարվա ընթացքում միայն դատապարտումների մասին հայտարարություններ ենք լսել»,- ընդգծել է նա։