Հունիսի 23-ին Ճապոնիայի իշխանությունները դիմում են ներկայացրել Ռուսաստանի Դաշնության իշխանություններին՝ կապված օրենքի ընդունման շուրջ ստեղծված իրավիճակի հետ, ըստ որի՝ սեպտեմբերի 3-ին Ռուսաստանը կնշի ոչ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը, այլեւ հաղթանակը ռազմամոլ Ճապոնիայի նկատմամբ։ Այս մասին երկուշաբթի Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։
«Օրենքի ընդունումը կարող է ոչ միայն հանգեցնել ռուսաստանցիների շրջանում հակաճապոնական տրամադրություններ հրահրմանը, այլ նաեւ հակառուսական տրամադրություններ առաջացնել մեր երկրի քաղաքացիների շրջանում, ինչը չափազանց ցավալի է։ Այդ կապակցությամբ մենք հունիսի 23-ին դիվանագիտական ուղիներով դիմում ենք ներկայացրել ՌԴ իշխանություններին՝ բարձրաձայնելով մեր դիրքորոշումը»,- ընդգծել է Մացունոն։
Փոփոխություններ են կատարվել «Ռուսաստանում ռազմական փառքի օրերի եւ հիշարժան ամսաթվերի մասին» օրենքում։ Այս օրենքը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի օրը, որը նախկինում նշվում էր սեպտեմբերի 3-ին, այժմ պաշտոնապես կկոչվի «Ռազմամոլ Ճապոնիայի դեմ հաղթանակի եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի օր»: Ինչպես նշել են օրենսդիրները, նման ձեւակերպումը «արտացոլում է պատմական արդարության սկզբունքը»։





























