ԱՄՆ-ի ագրեսիվ գործողությունները, այդ թվում Հարավային Կորեայի հետ զորավարժությունների անցկացումը, Կորեական թերակղզուն դրդում են միջուկային հակամարտության։ Այս մասին երկուշաբթի ասված է ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարարությանն առընթեր ամերիկյան հետազոտությունների ինստիտուտի զեկույցում, որի բովանդակությունը երկուշաբթի ներկայացրել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։

«ԱՄՆ-ի ագրեսիվ գործողությունների պատճառով Կորեական թերակղզում եւ Հյուսիսարեւելյան Ասիայում ռազմական լարվածության մակարդակը, որտեղ առանց այդ էլ տիրում է անկայունությունը, մոտեցել է միջուկային պատերազմի շեմին»,- ասվում է հետազոտության մեջ։

Հարավային Կորեայում նախագահ Յուն Սոկ Յոլի ընտրվելուց հետո Հարավային Կորեայի տարածքում «անընդհատ անցկացվել են ԱՄՆ-ի գլխավորությամբ տարբեր զորավարժություններ», ընդ որում մաեւրները դարձել են «ավելի անխոհեմ»՝ հաշվի առնելով դրանց մասշտաբը, ինտենսիվությունը եւ բովանդակությունը, նշվում է զեկույցում։ Բացի այդ, ԱՄՆ-ն տարածաշրջանում «աննախադեպ մակարդակով» տարբեր հետախուզական գործողություններ է իրականացնում։

Հետազոտողները նշում են, որ խոշոր տերությունների շահերը հատվում են Կորեական թերակղզում, ուստի զինված հակամարտությունն այստեղ արագ կվերածվեն «համաշխարհային ջերմամիջուկային պատերազմի՝ տարածաշրջանի, Հյուսիսարեւելյան Ասիայի եւ մոլորակի անվտանգության եւ խաղաղության համար ունենալով ամենաաղետալի հետեւանքները»։

Զեկույցում ընդգծվում է, որ քանի դեռ Միացյալ Նահանգները չեն հրաժարվել ԿԺԴՀ-ի նկատմամբ իրենց «թշնամական քաղաքականությունից» եւ մշտական ​​ռազմական սպառնալիքից, Փհենյանը կշարունակի ուժեղացնել իր պաշտպանական ներուժը՝ պաշտպանելու համար ինքնիշխանությունը, արժանապատվությունը եւ անվտանգությունը, Ժողովրդական Հանրապետությունը կշարունակի օգտագործել իր՝ որպես ինքնիշխան պետության ինքնապաշտպանության իրավունքը։