Զավթված Զապորոժիեի մարզի ռուսական իշխանությունները հայտարարել են Բերդյանսկում «երկու ահաբեկչի վնասազերծման մասին»։ Նրանցից մեկը 16-ամյա Տիգրան Հովհաննիսյանն է։ Այս մասին տեղեկացրել է «РБК-Украина»-ն՝ հղում կատարելով Զապորոժիեի մարզի գաուլյայտեր Վլադիսլավ Ռոգովին։

Նրա խոսքով՝ ժամը մոտ 19.00-ին երկու մարդ «կրակ է բացել ինքնաձիգներից» քաղաքի լողափի ուղղությամբ։

«Իրավապահ մարմինների օպերատիվ գործողությունների շնորհիվ ահաբեկիչները մեկուսացվել են ոչնչացվել են»,- ասել է Ռոգովը։

Նա տեղեկացրել է, որ նրանցից մեկը՝ Տիգրան Հովհաննիսյանը, 16-ամյա պատանի է, որին  ավելի վաղ օկուպանտները կալանավորել էին ուկրաինամետ դիրքորոշման համար։ Տեղի Թելեգրամ-ալիքներում տարածվում է նաեւ տեսանյութ, որտեղ պատկերված է Տիգրանը։ Նա ձեռքին ինքնաձիգ ունի եւ ասում է. «Վերջ, սա մահն է, տղերք։ Մնաք բարով։ Փառք Ուկրաինային»։ Տեսանյութում լսվում է նաեւ երկրորդ տղայի ձայնը, որը պատասխանում է. «Փառք հերոսներին»։

Տեսանյութի տակ տեղեկացնում են, որ մահվանից առաջ տղաները հասցրել են կրակել օկուպանտին եւ սպանել տեղի ոստիկանին։

2022թ. սեպտեմբերին ռուսաստանցիներն առեւանգել էին Տիգրանին ու նրա ընկերոջը՝ Նիկիտա Խանգանովին եւ նրանց մեղադրել էին ահաբեկչության մեջ։  «Մարդու իրավունքների մեդիա-նախաձեռնության» տվյալներով՝ նրանց հարցաքննել են, ծեծել եւ կտտանքի ենթարկել էլեկտրական հոսանքով։

2023թ. հունիսին Եվրադեպարտամենտը ՌԴ իշխանություններից պահանջել է բաց թողնել տղաներին եւ թույլ տալ նրանց մտնել Ուկրաինային ենթակա տարածք։

«Մարդու իրավունքների մեդիա-նախաձեռնություն» կազմակերպությունը երկու պատանիների՝ Տիգրան Հովհաննիսյանի եւ Նիկիտա Խանգանովի սպանության գործի սեփական հետաքննություն է իրականացնելու, որը կատարել են օկուպանտները Բերդյանսկում։ Այս մասին հայտարարել է կզամակերպության համակարգող Օլգա Ռեշետիլովան։

Նրա խոսքով՝ «կան մի քանի փաստեր, որոնց մասին պետք է իմանալ եւ արդեն այժմ հստակ գրանցել, որպեսզի տղաներին սպանողները պատժից չխուսափեն»։ Մասնավորապես, մի քանի օր առաջ տղաների հետեւից եկել էր օկուպացիոն քննիչը զինված պարեկախմբով, բայց տղաներին հաջողվել էր փախչել։

Ռեշետիլովան նաեւ ասել է, որ «սպանությունից առաջ Տիգրանի մայրը խոսել է նրա հետ։ «Տիգրանը հանգիստ էր, ասում էր, որ զբոսնում է Նիկիտայի հետ եւ մտածում, թե ինչպես նշեն Նիկիտայի ծննդյան օրը. նրա 17-ը լրանալու էր այսօր»,- գրել է համակարգողը։

Նա ավելացրել է, որ ծնողները դեռ չեն տեսել իրենց երեխաների մարմինները։

«Սա կասկածի տեղիք է տալիս ոստիկանների վրա հարձակման հարցում։ Համենայն դեպս, Տիգրանի եւ Նիկիտայի ծնողները կարծում են, որ այդ փոխհրաձգությունը, մահվանից առաջ արված տեսանյութը ներկայացում է՝ տղաներին սպանելու համար»,- ասել է Ռեշետիլովան։

Նրա խոսքով, ուկրաինական քննչական մարմինները քրեական վարույթ են հարուցել սպանության փաստով։ «Մարդու իրավունքների մեդիա-նախաձեռնություն» կազմակերպությունը  համագործակցում է քննության հետ եւ ներկայացնում իր տրամադրության տակ եղած ամբողջ ինֆորմացիան։

Եվրախորհրդարանը ՌԴ-ից պահանջում է ազատ արձակել Բերդյանսկից դեռահասներ Տիգրան Հովհաննիսյանին եւ Նիկիտա Խանգանովին