Հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի՝ Նյու Յորքի բանտում կատարած ինքնասպանությունից մի քանի ժամ առաջ բանտի աշխատակիցները նրան թույլ են տվել զանգել մորը, զանգը չի գրանցվել։ Բացի այդ, պարզվել է, որ Էփշտեյնի մայրն այդ ժամանակ արդեն 15 տարի մահացած էր։
2019թ. օգոստոսի 9-ի հեռախոսազանգի մանրամասները նկարագրվել են ընդարձակ զեկույցում, որը երեքշաբթի հրապարակվել է արդարադատության նախարարության դիտորդական մարմնի կողմից։
Աշխատակիցը քննիչներին պատմել է, որ նա Էփշտեյնին լոգարան է տարել, որպեսզի նա այնտեղից զանգահարի, «որովհետեւ հեռախոսի լարը նրա խուց չէր հասնի, եւ դրանով չէր կարող վնասել իրեն»։
Էփշտեյնը, ըստ ԶԼՄ-ների, զանգահարել է ընկերուհուն՝ Կարինա Շուլիակին։
Ավելի ուշ քննիչները խոսել են Հյուսիսարեւելյան տարածաշրջանային վարչության տնօրենի հետ, որն ասել է, որ զանգը պետք է արվեր բարձրախոսը միացված, որպեսզի բանտի աշխատակիցները լսեն։
Տնօրենը տեղեկացրել է, որ գաղտնի հեռախոսազրույցը «չափազանց տագնապալի» էր։
«Մենք չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել հեռախոսազրույցի ժամանակ,- ասել է տնօրենը քննիչներին։- Դա կարող էր մահվան հասցնել (Էփշտեյնին), բայց մենք չգիտենք, երբեք չենք իմանա»։
Հիշեցնենք, որ Ջեֆրի Էփշտեյնն ինքնասպան է եղել Նյու Յորքի դաշնային բանտում 2019թ. օգոստոսին, դատին սպասելիս։ Նա իրեն մեղավոր չէր ճանաչում տասնյակ աղջիկների սեռական բռնության ենթարկելու հարցում, որոնցից մի քանիսն ընդամենը 14 տարեկան էին։




























