Ուկրաինայում խաղաղ կարգավորման հարցով բանագնաց կարդինալ Մատեո Ձուպպին երեքշաբթի՝ հունիսի 27-ի երեկոյան ժամանել է Մոսկվա։ Այս մասին ասվում է Մոսկվայի Աստվածածնի հռոմեա-կաթոլիկ արքեպիսկոպոսության սոցիալական ցանցերում տարածված հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը, ուղեւորությունը կտեւի մինչեւ հունիսի 29-ը։ Նշվում է, որ այցի նպատակը կլինի «խրախուսել մարդասիրության ժեստերը, որոնք կարող են նպաստել կարգավորմանը.. արդար խաղաղության հասնելու ուղիներին»:
Պաշտոնապես այցի ծրագիրը չի հայտարարվել ոչ Վատիկանի, ոչ էլ Մոսկվայի կողմից։
Հաղորդվում է նաեւ, որ պետական մակարդակով կարդինալի զրուցակիցը կարող է դառնալ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում հանդիպել պապական բանագնացի հետ։





























