Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան չորեքշաբթի չհայտարարված այցով ժամանել է Կիեւ, որտեղ հանդիպելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եւ մասնակցելու է Ուկրաինայի Սահմանադրության ընդունման 27-րդ տարեդարձի միջոցառումներին։ Այս մասին տեղեկացրել է Լիտվայի նախագահի մամուլի ծառայությունը։
Տեղեկատվության համաձայն՝ Լիտվայի նախագահը Ուկրաինայի նախագահի հետ կքննարկի Վիլնյուսում ՆԱՏՕ գագաթաժողովի օրակարգը, ինչպես նաեւ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների, Ուկրաինային Լիտվայի եւ Եվրամիության օգնության հարցերը։
Նաուսեդան Կիեւ է եկել Հաագայից, որտեղ երեկ 7 պետությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինային հետագա աջակցության հարցը։
Լիտվայի նախագահը Կիեւից կմեկնի Բրյուսել, որտեղ հինգշաբթի կսկսվի եվրոպական երկրների ղեկավարների գագաթաժողովի նիստը։





























