Իսրայելը «Երկաթե գմբեթ» համակարգ եւ այլ սպառազինություններ չի տա Ուկրաինային, քանի որ մտավախություն ունի, որ դրանք կհասնեն Իրանին։ Այս մասին ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն The Wall Street Journal թերթի հարցազրույցում։
«Կարծում եմ, կարեւոր է հասկանալ, որ մեզ անհանգստացնում է այն, որ եթե մենք Ուկրաինային տանք այդ համակարգերը, դրանք կարող են հայտնվել Իրանի ձեռքում»,- ասել է նա։
Նեթանյահուի խոսքով՝ Թեհրանը կարող է այդ դեպքում ստացած իսրայելական սպառազինություններն օգտագործել հրեական պետության դեմ։ «Իսրայելը հոծ բնակեցված երկիր է։ Զոհերի թիվը մեր կողմից մեծ չէ մի պատճառով. որովհետեւ «Երկաթե գմբեթը» խոցում է հրթիռների 95 տոկոսը։ Եթե այդ համակարգը հայտնվի Իրանի ձեռքում, ապա միլիոնավոր իսրայելցիներ կմնան անպաշտպան եւ վտանգի մեջ կլինեն»,- ավելացրել է վարչապետը։
Հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգը, որն ստեղծել է իսրայելական Rafael ընկերությունն ամերիկյան Raytheon-ի հետ գործընկերությամբ, իրեն լավ է դրսեւորել որպես փոքր հեռահարության հրթիռների խոցման միջոց։ 2022թ. հունիսի սկզբին Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգենի Կոռնիյչուկը հայտարարել էր, որ Ուկրաինան ցանկանում է ձեռք բերել «Երկաթե գմբեթ» համակարգը։





























