ԱՄՆ կլիմայաբանները պարզել են, որ մոլորակի տաքացման յուրաքանչյուր լրացուցիչ աստիճան 15 տոկոսով կբարձրացնի հորդառատ անձրեւների հաճախակիությունը լեռներում։ Դա կարող է մինչեւ հարյուրամյակի վերջը հաճախակի դարձնել հեղեղումները, սողանքները եւ տարերային այլ աղետները Երկրի լեռնային շրջաններում։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Բերքլիի Լոուրենսի անվան ազգային լաբորատորիայի (LBNL) մամուլի ծառայությունը։ Հետազոտությունը հրապարակվել է Nature ամսագրում։
«Երկրի բնակչության մոտ մեկ քառորդն ապրում է մոլորակի լեռնային շրջաններում կամ գետերի ստորին հոսանքներում, որոնց ակունքները գտնվում են լեռներում։ Այս վտանգն ուղղակիորեն վերաբերում է նրանց»,- նշել է LBNL գիտաշխատող Մոհամեդ Օմբադին, որի խոսքերը մեջբերել է լաբորատորիայի մամուլի ծառայությունը։ «Հորդառատ անձրեւների ուժեղացումը տեղի է ունենում արդեն հիմա։ Նույն տեմպն է նկատվել 1950-2019թթ. տվյալներում»,- ավելացրել է նա։
Այսպես կոչված արտառոց բնական երեւույթները գլոբալ տաքացման հետեւանքներից են։ Գիտնականները դրանցով պայմանավորում են ձմռան անոմալ բարձր ջերմաստիճանները, ամռան շոգի ալիքները, հորդառատ անձրեւների երկարատեւությունը, երաշտը եւ բնական այլ երեւույթներ։ Դրա վառ օրինակներն են Եվրոպայում անցած տարվա հեղեղումները, շոգի ալիքներն ԱՄՆ-ում եւ Եվրոպայում այս տարվա ամռանը, ինչպես նաեւ գերշոգ ամառը Ռուսաստանում 2010թ.։
Հետազոտողները հետաքրքրվել են նրանով, թե ինչպես է գլոբալ տաքացումն ազդելու Երկրի լեռնային շրջաններում նման բնական երեւույթների հաճախակիության վրա։ Դրանք առավել խոցելի են կլիմայի փոփոխությունների հետեւանքների հանդեպ, բացի նրանից, որ մոլորակի բեւեռամերձ շրջաններն են։ Ուստի, գիտնականներն ուսումնասիրել են այն, թե ինչպես է փոխվել տեղումների մակարդակը Հյուսիսային կիսագնդի բոլոր խոշոր լեռնային շրջաններում։



























