Մոլդովայի օդանավակայանում կրակ բացած Տաջիկստանի քաղաքացի Ռուստամ Աշուրովը մեղադրվում է Տաջիկստանում «Օրիոնբանկի» փոխնախագահ Շուհրաթ Իսմաթուլոեւի առեւանգման մեջ։ Այս մասին հայտնել է Տաջիկստանի գլխավոր դատախազությունը։

Նշվում է, որ Իսմաթուլոեւի առեւանգումը տեղի է ունեցել այս տարի հունիսի 23-ին։

«Այդ օրը տվյալ փաստով քրեական գործ է հարուցվել եւ օպերատիվ-քննչական խումբ ձեւավորվել՝ տվյալ հանցանքի բացահայտման եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,-ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։

Քննության ընթացքում պարզվել է, որ Տաջիկստանի քաղաքացի Ռուստամ Քարիմի Աշուրովը (ծնված 1980թ․) տվյալ հանցանքը կատարելուց հետո փախել է Մոլդովա Թուրքիայի միջոցով՝ նպատակ ունենալով հետագայում թաքնվել ԵՄ երկրներում։

Մոլդովայի պետական սահմանը հատելիս նրան ձերբակալել են, նա խլել է իրավապահներից մեկի ատրճանակն ու կրակ բացել։

Հակաահաբեկչական գործողության ժամանակ Աշուրովը վնասվածք է ստացել։

Հետաքննությունը շարունակվում է։