Հոկտեմբերի 7-ին Երեւանի Հանրապետական ստադիոնում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Մակեդոնիայի հետ նախավերջին հանդիպումից առաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Եվրո-2012-ի եզրափակիչ մրցաշար դուրս չգալը չի համար ձախողում:
Խոսելով հավաքականի վիճակի մասին` Վարդան Մինասյանը նշեց, որ հիմնախնդիրները շատացել են:
«Հրավիրել ենք 21 ֆուտբոլիստների, սակայն Արազ Օզբիլիսը վատ մարզավիճակում էր եւ արդեն վերադարձել է, Հրայր Մկոյանը որակազրկված է, Ռոբերտ Արզումանյանի վնասվածքը կրկնվել է եւ դժվար թե ապաքինվի մինչեւ հանդիպում: Յուրա Մովսիսյանն ու Ռոման Բերեզովսկին լավ մարզավիճակում են: Թիմը բարձր տրամադրությամբ է մոտենում խաղին, ֆուտբոլիստների մոտ պատասխանատվության մեծ զգացում կա»:
Վարդան Մինասյանը դիտել է Մակեդոնիայի մասնակցությամբ բոլոր ընտրական հանդիպումները եւ կարծում է, որ ոչ մի հանդիպման ժամանակ խաղով չի զիջել մրցակցին, այժմ էլ դարձել է ավելի կազմակերպված թիմ, իսկ Հայաստանի հավաքականի հետ ավելի ազատ է խաղալու, քանի որ չի զգում մրցաշարային ճնշում:
Վարդան Մինասյանը վստահեցրեց, որ հենց սկզբից ավելի ագրեսիվ է խաղալու Հայաստանի թիմը եւ մեծ ճնշում է գործադրելու:
Անդրադառնալով վերջին երկու հանդիպումներից առաջ մեծ աժիոտաժին` Մինասյանը հույս հայտնեց, որ դա բացասաբար չի ազդի ֆուտբոլիստների վրա:




























