Չինաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ն կնպաստի երկկողմ հարաբերությունների շուտափույթ վերադարձին ճիշտ հուն, քանի որ Պեկինի եւ Վաշինգտոնի հարաբերություններից է կախված մարդկության ճակատագիրը: Այս մասին հայտարարել է ՉԺՀ Պետխորհրդի վարչապետ Լի Ցյանը Պեկինում ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենի հետ հանդիպման ժամանակ:
Յելենը հուլիսի 6-9-ը այցով գտնվում է Չինաստանում, ինչը, նրա խոսքով, հնարավորություն է տալիս կարգաբերել երկրների միջեւ կապերը՝ թյուրիմացություններից խուսափելու համար այն իրավիճակում, երբ ամերիկացիները միջոցներ են ձեռնարկում ի շահ ազգային անվտանգության:
«Հուսով ենք, որ ամերիկյան կողմը Չինաստանի նկատմամբ ռացիոնալ եւ պրագմատիկ դիրքորոշում կդրսեւորի, Չինաստանի հետ միասին կշարժվի միմյանց ընդառաջ՝ նպաստելով չին-ամերիկյան հարաբերությունների շուտափույթ վերադարձին անհրաժեշտ հուն»,-ասել է նա։
Լի Ցյանն ընդգծել է, որ մարդկության ապագան եւ ճակատագիրը կախված է նրանից, թե արդյոք ԱՄՆ-ն եւ Չինաստանը կկարողանան գտնել համակեցության ճիշտ ուղին:





























