Հիմնադրումից հետո` 10 տարվա ընթացքում, «Յունիբանկը» գրանցել է նշանակալի արդյունքներ, հայտարարել է «Յունիբանկի» համասեփականատեր եւ Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը: Այդ մասին տեղեկացնում է Բանկի հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Երբ իմ գործընկեր Գեորգի Պիսկովի հետ միասին ստեղծում էինք «Յունիբանկը», ընդամենը 7 հոգով էինք: Այսօր «Յունիբանկն» ունի ավելի քան 680 աշխատակից եւ 37 մասնաճյուղ: 10 տարիների ընթացքում բանկի ակտիվների ծավալն աճել է ավելի քան 60, կապիտալը` մոտ 10 անգամ», - «Ռենեսանս» ռեստորանում «Յունիբանկի» 10-ամյակի կապակցությամբ հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ ասել է Գ. Զաքարյանը:
Բանկի հեռանկարային ուղղություններից են մանրածախ բիզնեսի զարգացումը եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության խթանումը: Հատկանշական է, որ «Յունիբանկի» հիմնադրման առաջին իսկ տարվանից բանկում աշխատող մասնագետները մինչ այժմ շարունակում են իրենց գործունեությունը բանկում, սակայն արդեն` ղեկավար պաշտոններում: Հոբելյանի առթիվ բանկում 10-ամյա աշխատանքային ստաժ ունեցող աշխատակիցներն արժանացան պատվոգրերի:
Տոնական երեկոյի պատվավոր հյուր, հայտնի լրագրող եւ հեռուստահաղորդավար Դմիտրի Դիբրովն իր ելույթում նշել է, որ պատահական չէ, որ «Յունիբանկի» հիմնադիրներն ավարտել են Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը, իսկ Գագիկ Զաքարյանը դարձել է նաեւ ավիամոդելավորման Հայաստանի չեմպիոն: Նրա կարծիքով, երկնքի եւ ինքնաթիռների հանդեպ սերը վերածվել է միշտ դեպի վեր, հաջողության ձգտելու ցանկությանը: «Այն մարդը, ով ամեն օր տեսնում է Արարատ լեռը, այլ կերպ չի էլ կարող»,- իր խոսքը եզրափակել է հայտնի հեռուստահաղորդավարը:




























