Մենք «փաստաբանության թշնամի» հավաստագիրը կհանձնենք ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանին՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերջին շրջանում փաստաբանների նկատմամբ իրականացվում են բռնություններ և այդ դեպքերը պատշաճ գնահատականի չեն արժանանում: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։
Հիշեցնենք, որ բողոքի ակցիա իրականացնող փաստաբանները երթով հասել են ոստիկանության շենք։ Ոստիկանապետին «փաստաբանության թշնամի» ճանաչելու պահանջին միացել է 502 փաստաբան։
Հիշեցնենք նաև, որ ոստիկանները բռնություն էին կիրառել և ձերբակալել փաստաբան Կարեն Ալավերդյանին` ամբաստանյալին ծեծից պաշտպանելու փորձի ժամանակ։
Ս. Բաբայանն ասաց, որ բավական երկար ժամանակ է ունեցել ոստիկանությունը, որպեսզի կատարվածին տա ադեկվատ գնահատական։
«Առ այսօր այդ գնահատականը ոստիկանական համակարգի կողմից չկա։ Վարույթի վերաբերյալ երեկ մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ երկու ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել խոշտանգման հատկանիշներով, բայց այն ադեկվատ պատասխանը, որն ակնկալում ենք ոտիկանությունից, առկա չէ»,- նշեց ՓՊ նախագահը։
Ակցիա իրականացնող փաստաբաններին տեղեկացրեցին, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը պատրաստ է ընդունել նրանցից երեքին։





























