Հուլիսի 11-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանին, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանին և ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանին։ Հանդիպմանը ներկա էին ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանը։

ներքին գործերի նախարարությունից NEWS,.am-ին հայտնում են, որ հանդիպման ավարտին ընդունվել է համատեղ հայտարարություն.

«Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը, քննարկելով Ոստիկանության Երևան քաղաքի Էրեբունու և Կենտրոնական բաժիններում 2023 թ. փետրվարին և հունիսին արձանագրված ոստիկանների և փաստաբանների հետ կապված միջադեպերը, հայտարարում են՝

  1. Կողմերը կարևորում են փաստաբանության և ոստիկանության ինստիտուտների դերակատարումը Հայաստանի իրավական համակարգում.
  2. Կողմերը անընդունելի են համարում բռնությունների ցանկացած դրսևորում.
  3. Ներքին գործերի նախարարությունը ծառայողական քննությունների արդյունքներով իր գնահատականը տվել է Էրեբունու բաժնում տեղի ունեցած միջադեպին, իսկ Կենտրոնական բաժնում տեղի ունեցած միջադեպը գտնվում է ծառայողական քննության ընթացքում.
  4. Ներքին գործերի նախարարությունը հավաստիացնում է, որ միջադեպերին ներգրավված ոստիկանության ծառայողների արարքներին կտրվի պատշաճ իրավական գնահատական՝ ապահովելով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրություն.
  5. Ներքին գործերի նախարարությունը և Փաստաբանների պալատը կստեղծեն ոստիկանության ծառայողներից և փաստաբաններից կազմված հանձնախումբ՝ նման իրավիճակներում օպերատիվ արձագանքելու, փոխադարձ քննարկումներ, վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու, ինչպես նաև ոստիկանության ծառայողների և փաստաբանների վարքագծի հետ կապված հարցերը քննարկելու նպատակով:

6․ Ներքին գործերի նախարարությունը և Փաստաբանների պալատը մոտ օրերս կստորագրեն համագործակցության հուշագիր»։