Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 13-ի նիստում հաստատեց թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրման ծրագիրը:

Այս որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի բնականոն գործունեության ապահովման համար որակյալ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունից:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ մշակութային կազմակերպությունները, ստանալով ֆինանսավորում պետական բյուջեից,  պետք է հոգ տանեն նաեւ սեփական եկամուտների  ավելացման ուղղությամբ եւ այս չափանիշով պետք է իրականացվի մշակութային կազմակերպությունների  կառավարման որակի գնահատումը:

«2021 թվականին թատերական ներկայացումներից հասույթը կազմել է 773,9 մլն դրամ: Միջին հաշվով մեկ ներկայացման մւտքի վճարումներից հասույթը եղել 264 հազար դրամի չափով:

Որպեսզի մշակութային հաստատությունների սեփական եկամուտների ծավալը խթանենք, մշակվել է եւ այսօրվա որոշմամբ կներդրվի պետական բյուջեից թատրոնների եւ համերգասրահների ֆինանսավորման նոր մոդել:

Ֆինանսավորման նոր մոդելի համաձայն մշակութային կազմակերպությանը տարեկան կտրամադրվի իր կողմից կանխատեսվող սեփական եկամուտների կրկնապատիկի չափով գումար: Այդ գումարը կարող է օգտագործվել պհպանման ծախսերի, աշխատակիցների վարձատրության բարձրացման, նոր եւ վերափոխված ներկայացումների բեմադրությա, հյուրախաղերի, անհրաժեշտ կապիտալ ծախսերի համար»,-ասաց նախարարը: Նրա խոսքով, այս տարի ֆինանսավորման փորձնական մոդելը կներդրվի Սպենդիարյանի անվան Օպերայի եւ Բալետի ազգային ակադեմիական  թատրոնում. «2022-ին թատրոնի տոմսերի վաճառքից գեներացված սեփական եկամուտները կազմել են շուրջ 614,4 մլն դրամ: Ընդհանուր արտաբյուջեն թատրոնի համար կազմել է ավելի քան 749 մլն դրամ եւ թատրոնը ավելի քան կրկնապատկել է 2019-ի համեմատ իր եկամուտների ծավալը:

2023-ի համար թատրոնը կանխատեսել է, որ տարեվերջին կգրանցի շուրջ 841 մլն դրամ, որպես սեփական եկամուտներից գեներացված միջոց:

Այս տարի արդեն 1,4 մլրդ դրամ տրամադրել ենք Օպերային թատրոնին ստանդարտ ձեւաչափով: Մոդելի փորձնական ներդրման շրջանակներում թատրոնին հավելյալ տրամադրում ենք 233,5 մլն դրամ:

Թատրոնը պետք է բեմադրի առնվազն երկու նոր բալետային կամ օպերային ներկայացում՝ հրավիրելով արտերկիր մասնագետների»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:

Նա ընդգեց, որ մինչեւ 2026 թվականը մոդելը կներդրվի ԿԳՄՍՆ-ի ենթակայության տակ գործող բոլոր 21 կազմակերպություններում: