Կոռուպցիայի կանխման հարցերի ազգային գործակալությունը (ԿԿՀԱԳ) Ուկրաինայում համաշխարհային խոշոր նավահանգստային օպերատորներից մեկին՝ DP World-ին (ԱՄԷ) մտցրել է »պատերազմի միջազգային հովանավորների» ցուցակ։ Այս մասին տեղեկացրել է գործակալության կայքը։
ԿԿՀԱԳ-ն այս որոշման պատճառ է նշել Ռուսաստանի հետ ընկերության համագործակցության ընդլայնումը։ Խոսքն օպերատորի եւ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի միջեւ Հյուսիսային ծովային ուղու զարգացման համաձայնագրի կնքման մասին է։
Գործակալության տվյալներով՝ DP World-ը տեղեկություն ունի Ուկրաինայում ծովային փոխադրումների ճյուղի վիճակի մասին։ Նա նաեւ զբաղվում է ուկրաինական ցորենի փոխաբեռնմամբ, այդ թվում «ցորենի միջանցքի» աշխատանքի շրջանակում։
DP World-ը համաշխարհային խոշոր լոգիստիկ ընկերություններից մեկն է, որը տեղակայված է Դուբայում։ Մասնագիտացած է բեռնային լոգիստիկայում, նավահանգստային տերմինալների գործողություններում, ծովային ծառայությունների մատուցման գործում եւ ազատ առեւտրի գոտիներում։ Սպասարկում է 82 ծովային եւ ներքին տերմինալներ ավելի քան 40 երկրներում։ Ընկերությունն ամեն տարի մշակման է ենթարկում 70 մլն բեռնարկղ, որոնք տեղափոխվում են ավելի քան 70 հազար նավերով։ Փորձագետների գնահատմամբ՝ դա կազմում է համաշխարհային բեռնարկղային փոխադրումների 10 տոկոսը։





























