Մոսկվայի Կարմիր հրապարակում, Լենինի դամբարանի մոտ կալանավորվել է մի տղամարդ Մոլոտովի կոկտեյլով, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով տեղեկացված աղբյուրին։ Տղամարդուն կալանավորելու մասին գրել են նաեւ «112», Baza եւ Mash թելեգրամ-ալիքները։
«Երկուշաբթի երեկոյան կալանավորվել է մի տղամարդ, նա Մոլոտովի կոկտեյլով էր։ Նրան տեղափոխել են ոստիկանական բաժանմունք»,- նշել է գործակալության զրուցակիցը։
Mash-ի տվյալներով՝ կալանավորվածը Չիտայի 37-ամյա բնակիչ Կոնստանտին Ստաչուկովն է, նա փորձում էր հրդեհել դամբարանն իր ծննդյան օրվա նախօրեին։
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 17-ի ուշ երեկոյան։ Տղամարդը Մոլոտովի կոկտեյլը նետել է դամբարանի ուղղությամբ։ Խառնուրդով շիշը կոտրվել է հրապարակի սալահատակին եւ բռնկվել։ Կրակն անմիջապես հանգցրել են։ Թելեգրամ-ալիքի տեղեկացմամբ՝ երկու ամիս առաջ Չիտայի բնակիչն արդեն կալանավորվել էր, այն ժամանակ նրան հոգեբուժարան էին տարել։
Երեկվա դեպքից հետո կազմվել է արձանագրություն այն մասին, որ տղամարդը հրաժարվել է ենթարկվել ոստիկանությանը։ «112»-ը գրել է, որ կալանավորման պահին նա դիմադրություն է ցույց տվել եւ անհամարժեք պահվածք է ունեցել։





























