«Նաիրիտ» գործարանում ստուգումները դեռեւս ավարտված չեն, իսկ դրանց արդյունքները` հրապարակված չեն: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունից: Նախարարության հաղորդագրությունում, մասնավորապես, նշված է. «Ստուգման ընթացքում ուսումնասիրվել են մի քանի խոշոր գործարքներ, այդ թվում մամուլում հրապարակված կազմակերպությունների հետ իրականացված գործարքները: Ստուգումների շրջանակներում առաջացել են պարզաբանման ենթակա մի շարք հարցեր, որոնց շուրջ ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության  եւ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ  ղեկավարության միջև դեռեւս ընթանում են քննարկումներ»:

Նշենք, որ հոկտեմբերի 10-ին մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայությունը «Նաիրիտ» գործարանում խոշոր չարաշահումներ է հայտնաբերել: Մասնավորապես` խոսքը գնում է պարսկական մի կազմակերպության դատական հայցի մասին, որի հիման վրա «Նաիրիտը» պարտավորվել է վճարել 4.5 մլրդ դրամ: Իբր` «Նաիրիտի» ղեկավարութոյունը դիտմամբ պարտվել է դատը, այնուհետ չի բողոքարկել, սակայն մամուլում բարձրացված աղմուկի պատճառով պարսկական կազմակերպությունը չի պահանջել գումարը:

Հաջորդ խախտումը կապված է «Մեգատեքս գրուպ» ընկերության հետ, որի մասին եւս մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել: Ըստ այդ հրապարակումների` «Նաիրիտը» պարբերաբար կահույք է գնել «Մեգատեքս գրուպ»-ից, որը պատկանել է «Նաիրիտի» նախկին գործադիր տնօրեն Վահան Մելքոնյանին: 2009 թ. «Մեգատեքս գրուպ»-ը, վարկի մարումը ուշացնելու համար, անցնում է ԱՊՀ Միջպետական բանկին: «Նաիրիտը», ըստ մամուլի հրապարակումների, 12 մլն դոլարով բանկից հետ է գնում «Մեգատեքս գրուպ»-ին, այնուհետ 2 մլն դոլարով վաճառում այլ կազմակերպության:

NEWS.am-ը սույն բացահայտումների վերաբերյալ փորձեց պարզաբանումներ ստանալ նաեւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից, սակայն մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը պատասխանեց, որ առաջին անգամ է լսում չարաշահումների մասին, սակայն հաջորդ շաբաթ կփորձի ավելի հանգամանալի տեղեկատվություն տրամադրել:

«Նաիրիտ գործարան»-ի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը եւս NEWS.am-ին խոստացավ, որ հաջորդ շաբաթ հրապարակավ կպատասխանեն չարաշահումների վերաբերյալ հրապարկումներին: