Ազգային անվտանգության խորհրդի ռազմական հաղորդակցության կոորդինատորը կոչ է արել լրջորեն վերաբերվել Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներ ուղևորվող նավերի նկատմամբ Կրեմլի սպառնալիքներին։
ԱՄՆ-ն և դաշնակիցները աշխատում են Ուկրաինայից հացահատիկի դուրսբերման նոր միջոցների որոնման ուղղությամբ այն բանից հետո, երբ Մոսկվան հայտարարեց ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ հացահատիկի համաձայնագրից դուրս գալու մասին։ Ջոն Քիրբին՝ Ազգային անվտանգության խորհրդի ռազմական հաղորդակցության կոորդինատորը, այս մասին ասել է «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում։
Պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ է Ջո Բայդենի վարչակազմը լրջորեն վերաբերվում ռուսաստանյան պաշտպանության նախարարության սպառնալիքին այն մասին, թե այսուհետ Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներ մտնող բոլոր նավերը դիտարկվելու են որպես զենք տեղափոխողներ, Քիրբին ասել է, որ չնայած սպառնալիքի թվացյալ անհեթեթությանը, արժե դրան լրջորեն վերաբերվել։
«Մենք աշխատում և աշխատելու ենք Ուկրաինայի հետ, մեր դաշնակիցների և գործընկերների հետ, որպեսզի Ուկրաինայից հացահատիկը դուրս բերելու նոր միջոցներ գտնենք։ Ամենայն հավանականությամբ հարկ կլինի օգտագործել ցամաքային երթուղիները,- ավելացրել է Քիրբին։- Մենք դա նախկինում արել ենք, նախքան «հացահատիկի գործարքն» ուժի մեջ մտնելը։ Դա այնքան էլ արդյունավետ չէ։ Մենք դա հասկանում ենք, բայց շարունակելու ենք փորձել դա անել»։
Քիրբին ընդգծել է, որ Ռուսաստանը փաստորեն հայտարարել է ծովից Ուկրաինայի շրջափակման մասին, և ավելացրել, որ հացահատիկի համաձայնագիրը շահեկան էր բոլորի, «այդ թվում նաև ռուսաստանյան գյուղատնտեսական արտադրողների համար»։ Գործարքից Մոսկվայի դուրս գալը միայն կխորացնի «պարենամթերքի պակասի հետ կապված արդեն գոյություն ունեցող խնդիրները, որոնք էլ ավելի կխորանան ամբողջ Հարավային Ասիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում», ավելացրել է Սպիտակ տան ներկայացուցիչը։




























