ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Փհենյանում բանակցություններ է վարել Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Կան Սուն Նամի հետ։ Այս մասին տեղեկացրել են ՌԴ ՊՆ-ում։

«Ուրախ եմ հանդիպել եւ ծանոթանալ ձեզ հետ։ Երախտագիտությամբ օգտվեցի Փհենյան՝ մեր բարեկամ պետության մայրաքաղաք այցելելու ձեր հրավերից։ Երախտապարտ եմ կորեացի բարեկամներին առաջարկված հագեցած ծրագրի համար։ Առաջին իսկ րոպեներից զգացի ձեր հոգատարությունն ու ձեր ուշադրությունը։ Հնարավոր է ոչ միայն ակտիվ աշխատել, այլեւ հետաքրքիր շատ բան իմանալ Հյուսիսային Կորեայի, ձեր մշակույթի, ավանդույթների եւ տեսարժան վայրերի մասին»,- դիմել է Շոյգուն զրուցակցին, նրա խոսքերը մեջբերել է ՌԴ ռազմական գերատեսչությունը։

ՌԴ ՊՆ ղեկավարն ընդգծել է, որ իր այցը Հյուսիսային Կորեա տեղի է ունենում Հայրենական ազատագրական պատերազմում կորեացի ժողովրդի տարած հաղթանակի 40-ամյա տոնակատարության օրերին։

Շոյգուն երկկողմ հարաբերությունները ՌԴ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ բոլոր ուղղություններով հետեւողականորեն զարգացնելու մտադրություն է հայտնել։ «Համոզված եմ, որ այսօրվա բանակցությունները կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը մեր պաշտպանական գերատեսչությունների գծով»,- ավելացրել է նա։

ՌԴ պաշտպանության նախարարը նշել է, որ երկու երկրների փոխգործակցությունն ամրապնդվել է  հետպատերազմյան շրջանում։ «Ռազմանավերի այցելությունները, պաշտպանական գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչների պաշտոնական այցերը, պատվիրակությունների փոխանակումներն աշխատանքային մակարդակով, կադրերի պատրաստումը նպաստել են խաղաղության եւ կայունության պահպանմանը  Կորեական թերակղզում»,- ասել է Շոյգուն։ Նա նաեւ ընդգծել է, որ Հյուսիսային Կորեան Ռուսաստանի կարեւոր գործընկերն է, որի հետ նրան կապում են համագործակցության հարուստ պատմությունն ու ընդհանուր սահմանը։