Մեծ Բրիտանիայի կառավարությունը թույլատրել է պատժամիջոցների ենթարկված ռուս միլիարդատերերին ծախսել հարյուր հազարավոր դոլարներ, այդ թվում՝ անձնական խոհարարների, վարորդների և տնային տնտեսուհիների ծառայությունների համար, գրում է New York Times-ը։
Ինչպես նշում է պարբերականը, «արտոնագրերը» (ակտիվների մի մասի օգտագործման պաշտոնական թույլտվությունները նույնիսկ այն դեպքում, երբ հաշիվները սառեցված են) հանդիսանում են Brexit-ից հետո Բրիտանիայում ստեղծված ֆինանսական պատժամիջոցների նոր համակարգի անկայունության օրինակ։ Որոշ դեպքերում ռուս մեծահարուստ գործարարներին թույլ են տվել տարեկան ավելի քան մեկ միլիոն դոլար ծախսել, հայտնում է BBC-ն։
«Մենք կշարունակենք ուժեղացնել ճնշումը Պուտինի նկատմամբ և վերջ կտանք ռուսական ռազմական մեքենայի ֆինանսավորումը», - ասել էր Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը անցյալ գարնանը, երբ հայտարարում էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին Ուկրաինայում պատերազմի առաջին շաբաթներին:
Հետագա ամիսներին Բրիտանիան աննկատելիորեն դարձավ ավելի նվազ խիստ: Ըստ New York Times-ի լրագրողների ձեռքն անցած փաստաթղթերի, Ալֆա-բանկի հիմնադիրներից մեկը՝ Միխայիլ Ֆրիդմանը, առաջին տարում արտոնագիր է ստացել տնային անձնակազմի, այդ թվում՝ վարորդի, տնային տնտեսուհու և անձնական խոհարարի (ընդհանուր 19 աշխատակից) ծառայությունների դի,մաց վճարելու համար: Ֆրիդմանը նաև ստացել է մոտ 7000 ֆունտ ստերլինգ ամսական նպաստ՝ «իր ընտանիքի հիմնական կարիքները հոգալու համար»։
Իշխանությունները պայմանավորվել են նաև 60,000 ֆունտ ստեռլինգ ամսական նպաստի մասին նրա նախկին բիզնես գործընկեր Փիթեր Ավենի համար: Այս գումարի մեծ մասը բաժին է ընկել Ավենի ֆինանսական մենեջերին պատկանող ընկերությանը, որը կասկածվում է պատժամիջոցներից խուսափելու գործում օգնելու մեջ, գրում է NYT-ը։ Անհասկանալի է, թե կառավարությունը ինչ ստուգումներ է կատարել մինչ այդ գործարքները հաստատելը։
Բրիտանական կառավարությունը Ֆրիդմանին և Ավենին անվանում է «կրեմլամետ օլիգարխներ», որոնք սերտ կապեր ունեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրանք հերքում են այս պնդումները և դրանք վիճարկում դատարանում։ Ավենն ու Ֆրիդմանը այն ռուսներից են, որոնք պատերազմից հետո հրապարակային պատժամիջոցների են ենթարկվել, իսկ հետո դրանք աննկատ մեղմացվել են:
Ըստ New York Times-ի ստացած պաշտոնական տվյալների՝ Միացյալ թագավորության գանձապետարանը նախորդ տարի պատժամիջոցների տակ գտնվող անձանց տրամադրել է առնվազն 82 արտոնագիր, եւ դեռ շատ դիմումներ են սպասվում:
Պարբերականը գրում է նաև, որ բրիտանացի քաղծառայողները, որոնք հետաքննում են պատժամիջոցների ռեժիմի հնարավոր խախտումները, հիասթափված են նման որոշումներից և ընդհանուր առմամբ արտոնագրման համակարգից։ Օրինակ՝ Ավենին թույլ են տվել ծախսել ավելի քան 1 միլիոն ֆունտ ստերլինգ, մինչ նա հետաքննության տակ էր պատժամիջոցներից հնարավոր խուսափելու համար:





























