Հայաստանի գյուղական համայնքների առաջին ֆորումը տեղի կունենա հոկտեմբերի 10-ից 11-ը Ջերմուկում:

Միջոցառման նպատակը իրականացվող ծրագրերի վերաբերյալ փորձի փոխանակման եւ կյանքի կոչվող քաղաքականության մասին երկխոսության միջոցով գյուղական համայնքների կայուն զարգացմանը նպաստելն է:

Միջոցառմանը կմասնակցեն տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմինների, մարզերում եւ համայնքներում տարբեր ծրագրեր իրականացնող միջազգային եւ հայաստանյան կազմակերպությունների ավելի քան 300 ներկայացուցիչներ:

Խորհրդաժողովի շրջանակում տեղի կունենա երկու նիստ եւ քննարկումներ տասը աշխատանքային խմբերում: Քննարկումների թեմաներն են. «Համայնքային ենթակառուցվածքներ. ջրային տնտեսություն, էներգետիկա, քաղաքաշինություն», «Վարչա-տարածքային բարեփոխումներ. տեղական ինքնակառավարման մարմինների հիմնախնդիրներ», «Բնապահպանություն եւ լեռնահանքային արդյունաբերություն», «Համայնքային ենթակառուցվածքներ, սոցիալական ոլորտ եւ առողջապահություն. քաղաքականություն, ծրագրեր, զարգացման հեռանկարներ», «Բանկային համակարգ. վարկային գործիքները գյուղական համայնքներում», «Նոր տեխնոլոգիաներ»:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: