Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) պարզել է, որ կարագի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող տնտեսվարողները մոլորեցրել են սպառողներին:
ՏՄՊՊՀ մոնիտորինգի արդյունքներով, արձանագրվել է, որ տարբեր վաճառակետերում իրացվող կարագի գնի միջեւ կա խիստ էական տարբերություն:
Խոշոր սուպերմարկետներում 1 կիլոգրամ կարագը վաճառվում է 920 դրամից մինչ 3000 դրամով: Գնային այս ակնհայտ անհամապատասխանությունը հիմք է հանդիսացել, որպեսզի Հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություն սկսի այս շուկայում:
Հանձնաժողովի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ լաբորատոր փորձաքննությամբ հաստատվել է, որ կարագի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող տնտեսվարողները մոլորեցրել են սպառողներին:
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է կարագի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող տնտեսվարողների ողջ փաստաթղթաշրջանառությունը եւ հայտնաբերել է մի շարք խախտումներ: Ապա Հանձնաժողովը վաճառքի մեկ տասնյակից ավելի վայրերից կատարել է կարագի հսկիչ գնում: Գնված մթերքը հանձնվել է լաբորատոր փորձաքննության, ինչի արդյունքում էլ լրացուցիչ կերպով հաստատվել են փաստաթղթերում առկա խախտումները:
Այսպիսով, որոշ դեպքերում կարագի ներկրմամբ զբաղվող տնտեսվարողները ներկրել են բուսասերուցքային սփրեդ, որն անհամեմատ էժան է, սակայն այն առեւտրի կետերին վաճառել են կարագի անվան տակ: Բացահայտվել են նաեւ դեպքեր, երբ սպառողին խաբել է ոչ թե ներկրողը, այլ հենց սուպերմարկետը, որը, քաջատեղյակ լինելով, որ ձեռք է բերել բուսասերուցքային սփրեդ, այն վաճառել է կարագի անվան տակ: Իսկ որոշ դեպքերում էլ սուպերմարկետներում այլ կերպ են մոլորեցրել սպառողներին. Հայտարարել են, որ ակցիայի շրջանակում անհամեմատ էժան գնով վաճառվում է կարագ, բայց, իրականում վաճա ռել են բուսասերուցքային սփրեդ՝ կարագի համար խիստ էժան, իսկ սփրեդի համար՝ բավականին բարձր գնով:
Տեղեկացնենք նաեւ, որ բուսական ծագում ունեցող սփրեդի 1 կիլոգրամը կարագից էժան է ավելի քան 1000 դրամով:
Այսպիսով, Հանձնաժողովի որոշմամբ, հարուցվում է վարչական վարույթ՝ օրինախախտ ներկրողների եւ իրացնող տնտեսվարողների հանդեպ: Վարչական վարույթի արդյունքների մասին օրենքով սահմանված ժամկետում կտեղեկացվի հանրությանը:




























