Երեւանում հուլիսի 29-ին տեղի է ունեցել Ուկրաինայի հայերի միության համաժողովը։ Համաժողովին մասնակցել են գրեթե բոլոր տարածաշրջանային համայնքների ղեկավարները, «Դոպոմոգա» կազմակերպության ներկայացուցիչները եւ հրավիրյալ պատվավոր հյուրեր։ Ողջույնի խոսքով հանդես են եկել միության (ՈւՀՄ) նախագահ Վիլեն Շատվորյանը, Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը եւ Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինական թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, տեղեկացրել է Analiticaua.net-ը։
Քննարկվել են այն մարտահրավերները, որոնց բախվել են Ուկրաինայի հայերի միությունը եւ հայ համայնքը Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի հետեւանքով եւ դրանց համարժեք արձագանքման քայլերը, ՈւՀՄ կադրային քաղաքականությունը, կառուցվածքային բարեփոխումները եւ հետագա գործունեությունը։
Համաժողովի ընթացքում ստեղծվել է ծագող խնդիրների արագ եւ հատուկ լուծման շտաբ։ Կարեւոր այլ որոշումների մասին կտեղեկացվի առանձին։
Համաժողովի շրջանակում Ուկրաինայի հայերի միության պատվիրակները հանդիպել են Հայաստանում ուկրաինացի վերաբնակների հետ։ Այդ հանդիպումը նախատեսված էր աջակցության եւ օգնության ցուցաբերման համար, որի կարիքը կարող էր լինել նոր պայմաններում։
Ուկրաինայի հայերի միության կարեւոր նպատակը հայ ժողովրդի մշակույթի, պատմության եւ ավանդույթների պահպանումն է, ինչպես նաեւ կապերի ամրապնդումը Հայաստանի եւ սփյուռքի միջեւ։ Սակայն այսօրվա դրությամբ առաջնահերթ է Ուկրաինային համակողմանի աջակցությունը պատերազմի պայմաններում։ «Որպես Ուկրաինայի քաղաքացիներ մենք մեծ պատասխանատվություն ենք զգում, ուստի շարունակում ենք միավորել մեր ջանքերը, որպեսզի օգնենք մեր երկրին այս դժվարին ժամանակներում, հանուն խաղաղության եւ ինքնիշխանության պայքարում»,- նշել են ՈւՀՄ ներկայացուցիչները։





























