Զբոսաշրջության ոլորտն այնպիսին է, որ ամեն ինչ չէ, որ կախված է այդ ոլորտով զբաղվող կազմակերպությունից. կարևոր են նաև մատուցվող տրանսպորտային ծառայությունները. օրինակ՝ տաքսիների ծառայության ստանդարտի բարձրացումն ունի առանցքային նշանակություն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջիկայում շատ լուրջ խնդիրներ պետք է լուծենք մեր օդանավակայանի հետ, որովհետեւ, ես վերջերս տեղեկանք ստացա, որից բխում էր, որ այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա առաջին կիսամյակի նկատմամբ ուղևորաշրջանառությունը, այսինքն՝ օդանավակայանից օգտված ուղևորների թիվը, համարյա կրկնապատկվել է, ընդ որում՝ ավելացել է մոտավորապես 1 միլիոն 200 հազարով:
Դուք պատկերացնո՞ւմ եք՝ սա ինչ թիվ է մեր հանրապետության համար: Սա նշանակում է, որ մեր օդանավակայանը, ըստ էության, արդեն աշխատում է իր հնարավորությունների եզրին, կամ այդ հնարավորությունների եզրից մի փոքր էլ այն կողմ»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նաև ընդգծեց, որ ոլորտում ռազմավարական որոշումներ կայացնելու անհրաժեշտություն կա: «Մյուս կողմից պետք է այնպես անել, որ զբոսաշրջային ենթակառուցվածքները զարգանան նաև մարզերում, ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ դա արդեն տեսնում ենք: Ակնհայտ է, որ մարզերի մի զգալի մասը շատ ակտիվորեն զարգանում է: Այստեղ մեր գործարարների, ձեռներեցների և ընդհանրապես հայ ժողովրդի տաղանդը շատ վառ կերպով արտահայտվում է, և մենք այստեղ ունենում ենք նորանոր դրսևորումներ»,- նշեց վարչապետը:





























