Երեւանի ավագանու սեպտեմբերի 17-ին սպասվող ընտրություններում կուսակցությունների առաջադրման առցանց գործիքակազմը ԿԸՀ-ն համալրել է նոր գործիքներով: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
«2022-ից ԿԸՀ-ն գործարկել էր օգտահաշիվներով ընտրական ցուցակները կազմավորելու հնարավորություն: Այլեւս համացանցի միջոցով են կազմակերպվելու նաեւ գովազդային վահանակների հայտերը: Ինչպես գիտեք, 5 քմ-ն գերազանցող գովազդային վահանակները բաշխվում են քաղաքական ուժերի միջեւ վիճակահանությամբ: 2021-ի փոփոխություններով, վիճակահանությամբ բաշխվող պլազային վահանակների շարքին էին ավելացել նաեւ վերելակներում, տրանսպորտի կանգառներում եւ մետրոպոլիտենի տարածքում տեղադրված վահանակները:
Այս ընտրությունների համար գովազդային վահանակների տիրապետող ընկերությունների կողմից ներկայացվել է ԿԸՀ վիճակահանության համար 2879 վահանակ:
Առցանց գործիքակազմը քաղաքական ուժերին հնարավորություն է տալիս եւ անհատապես ընտրել վահանակներ, եւ մեկ քայլով ընտրելու ամբողջը, հետո վիճակահանությամբ տիրապետելու իրենց հասանելիքը»,-ասաց նա:
Հովակիմյանը նաեւ նշեց, որ նախկինում կուսակցությունները թղթային տարբերակով ներկայացնում էին իրենց հայտարարագրերը, նաեւ կրիչով ներկայացնում էին էլեկտրոնային տարբերակները, իսկ այժմ կուսակցություններն իրենց օգտահաշիվների միջոցով հնարավորություն են ունենալու իրենց թեկնածուների տվյալներին կցել նաեւ տվյալ թեկնածուի հայտարարագիրը:
Նշենք, որ Երեւանի վագանու ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 17-ին: Այսօրվանից սկսվել է կուսակցությունների առաջադրումը:





























