ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը համոզված է, որ լինելով ՔՊ հիմնադիր անդամ, կկարողանա ապահովել Երեւանի ավագանու ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ:

«Այո, կարող եմ, որովհետեւ մինչեւ ՔՊ անդամ լինելը, ես եղել եմ լրագրող, եւ երկար տարիներ իմ գործունեությունը նվիրված է եղել ազատ, թափանցիկ, մրցակցային  ու արդար ընտրություններ ունենալուն: Կուսակցական լինելը չի ենթադրում լինել հանցագործ, որովհետեւ ԿԸՀ նախագահի կողմից արդար, ազատ ու թափանցիկ ընտրությունների ապահովման համար իր պարտավորությունների չկատարումը կլինի հանցագործություն: Ես կարող եմ եւ ապահովելու եմ, որ Հայաստանում քանի դեռ ես ԿԸՀ նախագահն եմ, ընտրությունները լինեն, ազատ, արդար, թափնացիկ»,-ասաց նա:

Անդրադառնալով քարոզչությանը, Հովակիմյանն ասաց. «Ամենամեծ մոլորությունը մեր հասարակական հարաբերություններում այն է, որ մրցակցությունն սկսվում է այն պահին, երբ նշանակվում են ընտրություններ: Մրցակցությունը քաղաքական ուժերի միջեւ առկա է միշտ: Այն ուղղակի քարոզչության տեսքով իրավունք չունեն արտահայտել քվեարկության օրը եւ դրա նախորդ օրը: Մեր քաղաքական դաշտին շատ կնպաստի, եթե մեր քաղաքական ուժերը ընտրությունների միջեւ ընկած 5 տարիները օգտագործեն իրենց գաղափարները, հայացքները տարածելու, համախոհներ ներգրավելու ուղղությամբ:

Եթե օրենսդրությունն ուսումնասիրեք, կտեսնեք, որ քարոզարշավի փուլը ոչ թե հնարավորությունների եւ իրավունքների, այլ սահմանափակումների փուլ է: Այդ փուլում ընտրական օրենսգիրքը հստակ ամրագրում է, թե քաղաքական ուժերն ինչպես կարող են քարոզչություն իրականացնել, մինչդեռ դրան նախորդող 5 տարիներին քարոզչություն իրականացնելիս ավելի ազատ են»:

Նշենք, որ Երեւանի վագանու ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 17-ին: Այսօրվանից սկսվել է կուսակցությունների առաջադրումը: