Ոստիկանությունը ձերբակալել է Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանին Լահորում այն բանից հետո, երբ դատարանը նրան երեք տարվա ազատազրկման է դատապարտել պետական նվերներ անօրինական վաճառելու համար, ինչը կարող է արգելել ընդդիմության առաջնորդին մասնակցել առաջիկա ընտրություններին, հայտնում է Reuters-ը։
Իրավաբանական փորձագետներն ասում են, որ Իսլամաբադի շրջանային դատարանի մեղադրական դատավճիռը նոյեմբերին կայանալիք համապետական ընտրություններում կարող է չեզոքացնել վարչապետ Շեհբազ Շարիֆի գլխավոր մրցակցին։
«Ոստիկանությունը ձերբակալել է Իմրան Խանին նրա բնակավայրում,- Reuters-ին ասել է Խանի փաստաբան Ինտեզար Փանջոտան։- Մենք այս որոշման դեմ միջնորդություն ենք ներկայացնում բարձր դատարան»։
Նրա կուսակցությունը՝ Պակիստանի «Թեհրիք-է-Ինսաֆ»-ը, կոչ է արել խաղաղ ցույցեր կազմակերպել այդ որոշման դեմ, սակայն հանրության արձագանքը շաբաթ երեկոյան բավականին սառն էր:
Ձերբակալությունը վերջինն էր մի շարք հարվածներից, որոնք թուլացրեցին Խանի քաղաքական դիրքերը Պակիստանի հզոր բանակի հետ խզումից և նրա կուսակցության պառակտումից հետո: Լահորի ոստիկանապետ Բիլալ Սիդիկ Կամիանան հաստատել է ձերբակալությունը և Reuters-ին հայտնել է, որ Խանին տեղափոխում են մայրաքաղաք Իսլամաբադ։ Ձերբակալության որոշման համաձայն՝ նա կպահվի մոտակա Ռավալպինդի քաղաքի Ադիալ կենտրոնական բանտում։





























