Իտալիայի կառավարությունը կիրակի հայտարարել է, որ կրճատել է Նիգերում գտնվող իր զորքերի քանակը՝ իր ռազմաբազայում տեղ ազատելով խաղաղ քաղաքացիների համար, ովքեր պաշտպանության կարիք կունենան անվտանգության անկայուն իրավիճակի պատճառով, հաղորդում է Reuters-ը:

Իտալիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռազմական ինքնաթիռը օդ է բարձրացել Նիգերի մայրաքաղաք Նիամեյից և վայրէջք կատարել Հռոմում շաբաթ ուշ երեկոյան 65 իտալացի զինվորականներով և 10 ամերիկացի զինծառայողներով։

Օդային փոխադրումը կազմակերպվել է իտալական ռազմաբազայի  «նյութատեխնիկական ինքնավարության» մեծացման նպատակով՝ «օպտիմալացնելով դրա հնարավորությունները, եթե անհրաժեշտ լինի ընդունել հայրենակիցներին քաղաքացիական բնակչության թվից և արտակարգ իրավիճակի դեպքում տարհանել նրանց»։

Նախարարությունը հայտնել է, որ առաջիկա օրերին նախատեսվում են ավելի շատ թռիչքներ Նիգերից՝ հավելելով, որ 250 իտալացի զինծառայող առայժմ մնում է երկրում՝  ապստամբների դեմ պայքարի և ռազմական պատրաստության համար:

Անցյալ շաբաթ Իտալիան տարհանել էր իր 36 քաղաքացու Նիամեյից, ինչպես նաև տասնյակ այլ երկրներից՝ Նիգերում թողնելով մոտ 40 իտալացի քաղաքացիական անձանց, հիմնականում ՀԿ-ների աշխատողների:

Իտալիան արևմտյան այն երկրներից է, ներառյալ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, որոնք զորքեր ունեն Նիգերում, և որը Արևմուտքի դաշնակիցն է եղել Արևմտյան Աֆրիկայի Սահել շրջանում իսլամիստ ապստամբների դեմ պայքարում:

Ավելի վաղ Արևմտյան Աֆրիկայի տարածաշրջանային ECOWAS բլոկը Նիգերում սպառնացել էր ռազմական միջամտությամբ, եթե հուլիսի 26-ի ռազմական հեղաշրջումը չեղյալ չհայտարարվի։ Այսօր՝ կիրակի, լրանում է պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Բազումի վերականգնման ժամկետը։