Իրաքը մտադիր է խնդրել Ինտերպոլին ձերբակալման միջազգային օրդեր տալ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ֆինանսների նախկին նախարարի և հետախուզության նախկին ղեկավարի համար՝ կապված երկրի Ներքին եկամուտների հանձնաժողովից ավելի քան 2,5 միլիարդ դոլարի գողության հետ, հայտնում է Reuters-ը։
Ըստ իրաքյան պաշտոնյաների, սկանդալը կապված է 2021-2022 թվականներին Հանձնաժողովից մոտ 2,5 միլիարդ դոլար գումարի ապօրինի դուրս բերման կասկածների հետ։
Իրաքի կոռուպցիայի դեմ պայքարի բարձրաստիճան պաշտոնյան, անկաշառության հանձնաժողովի գլխավոր դատավոր Հայդեր Հանունը կիրակի հայտարարել է Ինտերպոլի, այսպես կոչված, կարմիր ծանուցումներ ներկայացնելու մտադրության մասին:
Հանունն ասել է, որ դատական իշխանությունը խնդրելու է նաև ծանուցումներ տրամադրել նախկին վարչապետ Մուստաֆա ալ-Քադիմիի անձնական քարտուղարին և քաղաքական խորհրդականին:
Նա հայտարարել է, որ Իրաքն աշխատում է գողությանը առնչություն ունեցած անձանց մի շարք պետություններից, այդ թվում՝ ԱՄԷ-ից, Թուրքիայից, Հորդանանից և Սաուդյան Արաբիայից արտահանձնելու ուղղությամբ, և կոչ է արել ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային արտահանձնել փախուստի մեջ գտնվող կասկածյալներին, թեև չի նշել նրանց անունները։
Հանունն ասել է, որ նրանք, ովքեր ենթադրաբար ներգրավված են կոռուպցիայի մեջ, որի համար նա կարմիր ծանուցումներ է պահանջել, ստացել են առնվազն 100 միլիարդ իրաքյան դինար (77 միլիոն դոլար):
Ընդհանուր առմամբ, ըստ նրա, ներգրավվածության մեջ կասկածվում է ավելի քան 48 մարդ։
Նախկին վարչապետ Մուստաֆա ալ-Քադիմիի նախկին քաղաքական խորհրդականը և ֆինանսների նախկին նախարար Ալի Ալավին երկուսն էլ հերքել են իրենց առնչությունը ենթադրյալ կոռուպցիային, որն ի հայտ եկավ անցյալ տարվա վերջին՝ նոր կառավարության իշխանության գալուց հետո:





























