Պակիստանցի թալիբների նախկին կենտրոնատեղիում երկուշաբթի մահապարտ ահաբեկիչն ըստ երեւույթին ժամանակից շուտ գործի է դրել պայթուցիկով լի ավտոմեքենան, ինչի հետեւանքով զոհվել է մեկ ամուսնական զույգ, որը հարեւան մեքենայում էր, տեղեկացրել է The Associated Press-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։

Տեղի վարչության ներկայացուցիչ Ռեհմանթ Ուլահի խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել Հյուսիսային Վազիրստանում, Հայբեր-Պահթունհվա նահանգում, Պակիստանի հյուսիս-արեւմուտքում, որը սահմանակից է Աֆղանստանին։

Նրա խոսքով՝ պայթյունի պահին հարեւանությամբ գտնվում էր սակրավորների խումբը, բայց նրանց հաջողվել է անվնաս մնալ։

«Մենք կասկածում ենք, որ մահապարտ ահաբեկիչը գործողության մեջ էր դրել պայթուցիկով լի մեքենան սխալմամբ կամ ժամանակից շուտ, բայց պայթյունի հետեւանքով զոհվել են մի տղամարդ եւ մի կին, որոնց մեքենան պայթյունի պահին ահաբեկչի ավտոմեքենայի կողքին էր»,- ասել է նա։

Առայժմ հայտնի չէ, թե ով է ուղղորդել ահաբեկչին այդ շրջան, բայց կասկածն, ամենից առաջ, ընկնում է պակիստանյան արգելված «Թալիբան» շարժման վրա, որը հայտնի է որպես «Թեհրիք-ի-Թալիբան Պակիստան», որն անցած տարվանից ակտիվացրել է հարձակումներն անվտանգության ուժերի դեմ։